Մոսկվայի Շուսեւի անվան ճարտարապետության թանգարանի տնօրեն Դավիթ Սարգսյանին հողին կհանձնեն այսօր՝ հունվարի 15-ին, Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը: Մահացածի հարազատներն ու մտերիմները նման որոշում են կայացրել, երբ նրանց չի հաջողվել Մոսկվայի ղեկավարությունից թույլտվություն ստանալ հուղարկավորել Սարգսյանին քաղաքի ամենահեղինակավոր գերեզմանատներից մեկում, Հայկական կամ Վագանկովյան գերեզմանոցում: Քանի որ տվյալ գերեզմանատունը պաշտոնապես փակ է, դրա տարածքում թաղումները բացի հարազատականից, իրականացվում են բացառապես Մոսկվայի քաղաքապետի թույլտվությամբ:
NEWS.am-ի տեղեկություններով, նման խնդրանքով Յուրի Լուժկովին դիմել է Ռուսաստանի մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեեւը, որի միջնորդությանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսը: Ի պատասխան Մոսկվայի առաջին փոխվարչապետ Վլադիմիր Ռեսինը պատասխանել է, որ թույլատրվում է թանգարանի մահացած տնօրենին թաղել միայն Տրոեկուրովյան գերեզմանատանը:
Ինչպես նշվում է մահախոսականներում, որ տեղադրված են շատ լրատվամիջոցներում, Դավիթ Սարգսյանը կարողացել էր Ճարտարապետության թանգարանը վերածել ոչ միայն ակտիվ ցուցասրահի, այլեւ ճարտարապետության եւ ժամանակակից արվեստի միջազգային կենտրոնի: Սակայն պարզվում է, որ Մոսկվայի քաղաքապետարանը չի կիսում Սարգսյանի՝ Մոսկվայի առջեւ ունեցած մեծ արժանիքների մասին կարծիքը:
Ինչպես կարծում են մահացածի հարազատները, դա կարող է կախված լինել այն հանգամանաքից, որ Սարգսյանը անթույլատրելի էր համարում Մոսկվայի դիմանկարի աղավաղումն ու Յուրի Լուժկովի կառավարման տարիներին ճարտարապետական ժառանգության ոչնչացումը:
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը մահացել է Մյունխենում՝ հունվարի 7-ին: Նրա մարմինը Մոսկվա է բերվել հունվարի 11-ին: Այս պահին ճարտարապետության թանգարանում վերջին հրաժեշտն են տալիս Դավիթ Սարգսյանին:




























