«2009 թվականին լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել զինվորների կենցաղային եւ բնակարանային պայմանները բարելավելու ուղղությամբ: Համաշխարհային ճգնաժամի պայմաններում աննխադեպ բնակարանաշինություն է իրականացվել: 188 զինծառայողների ընտանիքներ նոր հարմարավետ բնակարաններ են ստացել, եւս 770-ը բնակարան գնելու համար դրամական փոխհատուցում կստանան»,-այս մասին լրագրողներին հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նրա խոսքով, զինվորների սնունդը շատ լավն է ու որակով: Առաջավոր գծերում հիմնականում օգտագործվում են մսային եւ բուսական պահածոներ: 2010 թվականին, ըստ նախարարի, ԼՂՀ պաշտպանության բանակի բոլոր ճաշարաններում կապահովվի համապատասխան ջերմաստիճան:

Մովսես Հակոբյանը նշեց նաեւ, որ մեծ աշխատանք է կատարվում զոհվածների ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: 2009 թվականին զոհվածների ընտանիքներին ընդհանուր առմամբ, տրամադրվել է 58 միլիոն դրամի օգնություն: 17 միլիոն դրամ հատկացվել է զինծառայողների օգնության համար:

Ընթացիկ տարում նախարարն անձամբ է ընդունել բազմաթիվ քաղաքացիների, պատասխանել մոտ 10 հազար նամակների, որոնց հիմնական մասը սոցիալական հարցերի են վերաբերել:

Այնուհետեւ անդրադառնալով բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարներին, Մ. Հակոբյանն ընդգծել է, որ դժբախտ պատահարներից զոհերի թիվը նվազել է 4-ով, իսկ վիրավորների թիվը` 53 տոկոսով:

Նախարարի ներկայացմամբ, զինվորների հավաքագրման գործընթացը նորմալ է ընթանում` համաձայն պլանի: Արձանագրվել է զինծառայությունից խուսափելու միայն մեկ դեպք, նաեւ 1 տոկոսով ավելացել է հիվանդացության մակարդակը: Ամեն ինչ արվում է, որպեսզի ԼՂՀ բանակում հիվանդների թիվը հասցվի նվազագույնի: