Վստահ եմ, որ հայ խաղաղարարներն իրենց պատշաճ կերպով կներկայացնեն Աֆղանստանում եւ իրենց գործողություններով զգալի ավանդ կներդնեն այնտեղ օբյեկտների պահպանության գործում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն-Շմիդթը հայ խաղաղարարների պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ, որոնք մեկնելու են Գերմանիա՝ աֆղանական առաքելությանը նախապատրաստվելու նպատակով:

Նա բարձր է գնահատել միջազգային խաղաղարար առաքելություններին Հայաստանի մասնակցությունը՝ ընդգծելով, որ անվտանգության ոլորտում հայ-գերմանական համագործակցությունը վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրել. «Հայաստանը, աշխարհաքաղաքական իմաստով գտնվելով կարեւոր, բայց, ցավոք, լարված տարածաշրջանում, կառուցողական համագործակցելով միաժամանակ ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ, իր ավանդն է ներդնում միջազգային անվտանգության ապահովման գլոբալ գործընթացներում»,- ասել է դեսպանը:

Իր հերթին, Հայաստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պատասխանելով Աֆղանստանում հայ խաղաղարարաների անվտանգության երաշխիքների մասին հարցին, հայտարարել է. «Համենայն դեպս, հայ խաղաղարարներն այնտեղ գտնվելու են ավելի մեծ անվտանգության մեջ, քան հայ-ադրբեջանական սահմանին»:

Նշենք, որ հայ խաղաղարարների մի մասը՝ 10 հոգի, հունվարի 10-ին մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական դասընթացներ են անցնելու՝ Աֆղանստան մեկնելուց առաջ: Հունվարի 17-ին Գերմանիա կմեկնեն մնացած 30-ը: Փետրվարի կեսին հայ խաղաղարարները կլինեն Աֆղանստանում, որտեղ գերմանական զորախմբի կազմում կապահովեն Քունդուզի օդանավակայանի անվտանգությունը: