«Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ սահմանադրական դատարանի վճիռը դրական է եւ այն սպասելի էր»: Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Սահմանադրական դատարանը պարզապես իրավական վճիռ է տվել Սերժ Սարգսյանի՝ արձանագրությունների վերաբերյալ տված գնահատականներին։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները ճանաչեց ՀՀ սահմանադրությանը համապատասխանող։

Շարմազանովը նաեւ նշեց, որ արձանագրություններում որեւէ վերապահում չի լինելու, նախ այն պատճառով, որ այնտեղ որեւէ նախապայման չկա եւ, երկրորդ, երկկողմ հարաբերություններում վերապահումներ անելը ընդունված չէ։

ՀՀԿ մամուլի պատասասխանատուի կարծիքով՝ հիմա իսկական պահն է, որ Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները եւ դրանով իսկ ցույց տա, որ հավատարիմ է իր որդեգրած «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությանը։ Հանրապետականը համոզված է, Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման արհեստական ձգձգումը կարող է Թուրիքայի համար լուրջ խնդիրներ հարուցել միջազգային ասպարեզում: