1980-ական թվականների վերջերին եւ 1990-ական թվականների սկզբին Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացրած կոտորածների արդյունքում փախստական դարձավ ավելի քան 500 հազար մարդ, նրանցից 360 հազարը տեղափոխվել է Հայաստան, որոնց ճնշող մեծամասնությունը Բաքվից փախած հայեր են։ Այս մասին Ադրբեջանում հայերի կոտորածի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառմանն ասաց Հայաստանի Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը։

Ընդ որում նա նշեց, որ Բաքվից արտագաղթել է հասարակության սերուցքը՝ մտավորականության ներկայացուցիչները եւ բոլոր ոլորտների լավագույն մասնագետները։ «90-ականների սկզբներին Հայաստանն արեց ամեն հնարավորը, որպեսզի հակազդի Ադրբեջանին, որը փախստականներին տեղավորել էր վրաններից կառուցված քաղաքներում»,-հայտարարեց Եգանյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հատուկ չի լուծում փախստականների խնդիրը, որպեսզի անընդհատ այդ հարցը շահարկի միջազգային հանրության առջեւ։ Նրա համոզմամբ, Ադրբեջանը դեռեւս 90-ականների սկզբներին կարող էր լուծել իր փախստականների բնակարանների խնդիրը, քանի որ Ադրբեջան էր արտագաղթել ընդամենը 86 հազար ընտանիք, իսկ այդ ժամանակ հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումների արդյունքում ազատվել էր 92 հազար բնակարան։ «Սակայն բնակելի այդ տարածքները դարձան Ադրբեջանի չինովնիկների սեփականությունը, քանի որ գտնվում էին Ադրբեջանի խոշոր քաղաքների լավագույն թաղամասերում»,-հավաստիացրեց Եգանյանը՝ հավելելով, որ բնակարանների խնդիրը արդիական է նաեւ Հայաստանում։ Նրա խոսքով, 20 տարի ապրելով ծանր բնակարային պայմաններում, փախստականները հաճախ կորցնում են կապը հայրենիքի հետ։ «Այդ պատճառով կառավարությունը մշակել է բնակարանային խնդրի լուծման ծրագիր, որը նախատեսված է այն փախստականների համար, որոնց մոտ բնակարանային խնդիրը սուր է դրված։ Այդ ցանկում են ընդգրկվել 1000-ից ավելի ընտանիքներ, իսկ 700-ից ավելի ընտանիքներ արդեն ապահովվել են բնակարաններով։ Սակայն շուրջ 1200 ընտանիքներ դեռեւս ունեն բնակարանային խնդիրներ»,-պարզաբանեց Եգանյանը։ Նրա խոսքով այդ ծրագրի իրականացումը միայն Երեւանում կարժենա 45 մլն դոլար։

«Երկրորդ խնդիրը փախստականների կորցրած բնակարանների փոխհատուցման խնդիրն է։ Այս կապակցության մեր գործակալությունը ավելի քան 1000 ընտանիքի օգնեց պատրաստել համապատասխան փստաթղթերը՝ մարդու իրավունքների ստրասբուրգյան դատարան դիմելու համար։ Եթե սա արդարացնի իրեն, ապա մենք կշարունակենք այս գործողությունները»,-հայտարարեց Եգանյանը։

Նա նաեւ շեշտեց, որ նմանատիպ միջոցառումներ պետք է իրականացվեն նաեւ արտասահմանում։ «Մենք պետք է կենտրոնացնենք միջազգային հանրության ուշադրությունը հայ փախստականների հարցի վրա, քանի որ Ադրբեջանը ոչ մի հնարավորություն բաց չի թողնում շահարկելու այդ հարցը։ Մենք պետք է ցույց տանք միջազգային հանրությանը, թե ով է դահիճը, ով՝ զոհը»,-ասաց Եգանյանը՝ ընդգծելով, որ միայն 2009 թվականի ընթացքում աշխարհի 20 երկրներում Ադրբեջանի ջանքերով իրականցվել են տարբեր միջոցառումներ, որտեղ քննարկվել է ադրբեջանցի փախստականների հարցը"։