Հունվարի 18-ին մեկնարկել է Հայաստանի պետական համակարգում ներգրավված պետծառայողների ֆրանսերենի ուսուցման ծրագիրը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2009 թ. հունիսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Ֆրանսիայի Հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության եւ Բելգիայի ֆրանսիական համայնքի կառավարությունների միջեւ ՀՀ պետծառայողների ֆրանսերենի ուսուցման բազմամյա ծրագրի մասին ստորագրված հուշագրի համաձայն` այսօրվանից մեկնարկում են Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզ» (Alliance Française-Arménie) կենտրոնի կողմից իրականացվող ֆրանսերեն լեզվի դասընթացները, որոնց մասնակցելու են առավել քան 70 պաշտոնյաներ:
Դասընթացները նախատեսված են հիմնականում ՀՀ նախարարությունների, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմերում ընդգրկված պետծառայողների համար:
Ֆրանսերենի ուսուցման այս ծրագիրը նպատակ ունի բարելավել միջազգային համագործակցության ոլորտում ներգրավված ՀՀ դիվանագետների եւ պետծառայողների ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակը, որի մասին Հայաստանը պատրաստակամություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ ձեռք բերելիս եւ ամրապնդել ՀՀ պետծառայողների լեզվաճանաչողական գիտելիքները:




























