Բաքվի ջարդերի 20 ամյակի տարելիցի առիթով ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հունվարի 13-ից 19-ը մայրաքաղաքի մի շարք դպրոցներում բաց դասեր է անցկացնում։

Կազմակերպված միջոցառումների շրջանակներում հունվարի 18-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ավարտական դասարաններում բաց դաս վարելու նպատակով հյուրընկալվել էին Երեւանի թիվ 198 ավագ դպրոցում։

Նշելով, որ Բաքվի ջարդերը 20 տարվա վաղեմություն ունեն, Ա. Աշոտյանը նկատեց, որ դրանք երբեք հնարավոր չի լինի մոռանալ։ «Ես գոնե չեմ կարող մոռանալ դրանք։ Մայրս սովորել է Բաքվում։ Մայրական կողմով Ղարաբաղից եմ սերում։ Իսկ ընդհանրապես, մինչեւ 19-րդ դարի վերջը, երբ բազմազգ Բաքվի միայն մեկ երրրոդն էր մահմեդական, հայերն այնտեղ ապրում էին խաղաղ եւ ստեղծագործ կյանքով։ Բայց արդեն 20-րդ դարասկզբին այդ երկրում սկսվեցին հայերի առաջին կոտորածները, իսկ խորհրդային կարգերի անկումից հետո հայերի հանդեպ ադրբեջանցիների՝ ավելի քան 70 տարի զսպված ատելությունը նոր թափով պոռթկաց»,- նշեց ԿԳ նախարարը՝ հիշեցնելով, որ ադրբեջանցիների վայրագություններն իրենց գագաթնակետին հասան 1990թ. հունվարի 13-ին, երբ զինված հրոսակները դաժան հաշվեհարդար տեսան Բաքվի հայ բնակչության հետ։ Համոզմունք հայտնելով, որ «անցած է այն ռուբիկոնը, երբ հայերը նախկինի պես կարող են հանգիստ ապրել Բաքվում», նախարարն ընդգծեց, որ Ադրբեջանը մի պետություն է, որը նույնիսկ իր քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ոտնահարմամբ է զբաղված, ուր մնաց, թե հանդուրժի հայերին։

ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ, իր հերթին, ավարտական դասարանի աշակերտներին կոչ արեց սիրել եւ միշտ պաշտպանել հայրենիքը. «Հայրենիքից բացի մենք ուրիշ ոչինչ չունենք։ Պետք է անել ամեն բան, որպեսզի թշնամին հասկանան, որ որքան էլ փոքր է մեր երկիրը, այնուամենայնիվ չարժե մեզ նեղացնել»,- հորդորեց նա՝ ավելացնելով, որ Բաքվի ջարդերը 20 տարի առաջ տեղի ունեցան մի կողմից հայերի անկազմակերպվածության եւ փոքրաթիվ լինելու, մյուս կողմից՝ այն պատճառով, որ նրանք այդպես էլ չէին ուզում հավատալ, որ հարեւան ժողովուրդը կփորձի այդպես գազանաբար ոչնչացնել իրենց։

Վերջում ԿԳ նախարարն ու ԱԺ պատգամավորը խոստացան նման հանդիպումներն ավելի հաճախակի դարձնել եւ յուրաքանչյուր ամիս դպրոցականների հետ տարբեր թեմաներով քննարկումներ կազմակերպել։ «Նմանօրինակ միջոցառումներ արդեն հավանաբար ապրիլին, կանցկացվեն նաեւ Ցեղասպանության թեմայով»,- եզրափակեց ԿԳ նախարար Ա. Աշոտյանը։