Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը դատապարտում է «Ջիանի» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը եւ գտնում, որ մեղավորները պետք է պատժվեն, որ դաս լինի մյուսների համար: Մինասյանն իր այս կարծիքը հայտնեց հունվարի 18-ին՝ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ Մինասյանի՝ իրավապահները պիտի գտնեն եւ պատժեն մեղավորներին:
Հիշեցնենք, որ «Ջիանի» ռեստորանում իրար էին բախվել ԱԺ հանրապետական պատգամավորներ Լեւոն Սարգսյանի եւ Սեյրան Սարոյանի մտերիմները՝ ծեծկռտուք ու փոխհրաձգություն անելով:
Մինասյանի կարծիքով՝ կուսակցական պատկանելությունն այս դեպքում որեւէ նշանակություն չունի:
Լրագրողները հանրապետական գործչին փաստերով ներկայացրին դեպքեր, երբ անմեղ մարդիկ առանց հանցանք կատարելու հայտնվում են բանտերում, իսկ հանրապետական հանցագործները կարճ ժամանակ անց ազատ են արձակվում, ինչին ի պատասխան Գագիկ Մինասյանը հուսահատ ջանքեր էր գործադրում՝ ապացուցելու, որ անկախ կուսակցական պատկանելությունից՝ մեղավորները պատժվում են:




























