«Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ եթե մեզ վարկ են տալիս ուրեմն համարում են, որ վճարունակ ենք, ինչը սխալ մտածողություն է»,- հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու տեղեկացրեց, որ եթե 2008 թվականին արտաքին պարտքի սպասարկման համար ծախսվել է 54 միլիոն դոլար, 2009-ին` 74 միլիոն դոլար, 2010-ին վճարելու ենք 115 միլիոն դոլար, ապա 2012-ին արտաքին պարտքը փակելու համար ծախսելու ենք 280 միլիոն դոլար, իսկ 2013-ին այդ թիվը հասնելու է 478 միլիոնի: Սա նշանակում է, որ մի քանի տարում մեր արտաքին պարտքերը փակելու համար պետք է ծախսենք 9-10 անգամ ավելի գումար: Եվ սա այն դեպքում, երբ, ըստ Բագրատյանի, Հայաստանը 2009-ին ըստ էության, փոշիացրել է ռուսական վարկը, որը եղել է կոմերցիոն` տարեկան 7-8 տոկոսանոց վարկ:
«Եթե չկարողանանք վճարել այդ 478 միլիոն դոլարը, ի՞նչ ենք անելու: Սովորաբար հայտարարվում է դեֆոլտ: Եթե չես վճարում պարտքերդ, պետք է գնաս քաղաքական զիջումների: Օրինակ՝ 4 տարի հետո ԼՂ հարցում խնդրելու ենք այն լուծումը, որին հիմա համաձայն չենք»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանին տրվող վարկերի տակ նաեւ քաղաքական պահանջներ կան, նա արձագանքեց. «Այդպես եմ կարծում, թեեւ այսօր աշխարհում խնդրում են, որ վարկեր վերցնես: Օրինակ՝ Ճապոնիայում անտոկոս վարկեր են տալիս, քանի որ փող շատ կա, եւ եթե Հայաստանը ասում է, որ 3 տոկոսով վարկեր կվերցնեմ, անմիջապես տալիս են: Ռուսական վարկը Լիբոր+3 տոկոսադրույքով է, որը 7-8 տոկոս է կազմում: Կա նաեւ ԼՂ հարցը: Վարկ տվողները մտածում են հիմա տանք, հետո այդ գործոնը կօգտագործենք: Փաստորեն 3-4 տարի հետո մենք ավելի շատ պարտք ենք փակելու, քան ծախսում ենք բանակի վրա»: Բագրատյանը նաեւ հավելեց, որ եթե նման բարձր տոկոսով վարկեր պետք է վերցնեին Ռուսաստանից, ապա կարող էին մեր բանկերից վերցնել, որով կխթանեին նաեւ մեր բանկային համակարգն ու տնտեսությունը: Նախկին վարչապետը կարծիք հայտնեց, որ ներկա իշխանությունը ռեսուրս չունի տնտեսությունը նորմալ հունի բերելու համար:
Հարցին, թե Հայ ազգային կոնգրեսն ունի՞ նման ռեսուրս, Հ. Բագրատյանը պատասխանեց. «Այո, ունի: ՀԱԿ-ը տնտեսությունը կազատագրի, տնտեսական ուժն ու ռեսուրսները կցրի: Ոչ թե մի քանի օլիգարխ կտնօրինեն այդ ռեսուրսները, այլ ողջ հասարակությունը: Թույլ չենք տա, որ երկրի նախագահը միլիարդատեր լինի, որ Եկեղեցին զբաղվի կոմերցիայով: Այսօր պաշտոնապես Եկեղեցին գրանցվում է որպես առեւտրով զբաղվող, էլ ի՞նչ Եկեղեցի: Ռեսուրսները օդից չեն ընկնում, պետք է առկա գործոնները ռեսուրս դարձնել»:



























