Այսօր` հունվարի 19-ին լրանում է Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության երեք տարին: Նա Թուրքիայի ամենահայտնի հայերից մեկն էր եւ չնայած նրա հասցեին հնչած բազմաթիվ սպառնալիքների, Դինքը միշտ մնում էր հանգիստ ու հավասարակշռված: Նա միշտ խոսում էր հայերի ու թուրքերի միջեւ առկա բարդ հարաբերությունների վերաբերյալ իր անհանգստության մասին:
Հանդես գալով մի շարք ժողովրդավարական պլատֆորմներում ու հասարակական կազմակերպություններում, Դինքն ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտությունը, խոսում խոսքի ազատության, Թուրքիայում մարդու, ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին: Նա հայերի ու թուրքերի միջեւ շատ կարեւոր քարոզիչ էր եւ հավատում էր, որ հայ համայնքը հնարավորություն կունենա Թուրքիայում ապրել ազատ եւ չենթարկվել պատմական ճնշումների: Հասկանալով, որ կարեկցանքը ոչինչ չի փոխում Ցեղասպանության խնդրում, Դինքը երկխոսության կոչ էր անում՝ նշելով, որ «հայ-թուրքական հարաբերությունները պետք է դուրս քաշել 1915 մետր խորության ջրհորից»: Հայ լրագրողը հավատում էր, որ այդ խոչընդոտները կարելի է հաղթահարել` ի բարօրություն թուրքահայերի:
Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ նախատեսող օրենքի ընդունումից հետո Դինքը դեմ հանդես եկավ այդ նախաձեռնությանը եւ անգամ պատրաստվում էր մեկնել Ֆրանսիա եւ որպես բողոքի նշան՝ կատարել այդ «հանցանքը»:
2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքն սպանվել է Ստամբուլում, իր խմբագրած «Ակոս» թերթի խմբագրատան շենքի դիմաց: Մինչ սպանությունը նա իր հրապարակումներում հայտնում էր, որ իր հասցեին սպառնալիքները հաճախակի են դարձել: Բացի այդ, նա բողոքում էր, թե ոստիկանությունը հրաժարվել է պաշտպանել իրեն՝ հնարավոր մահափորձից:
Դինքի հուղարկավորման արարողությանը Ստամբուլի փողոցներ էին դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք ձեռքներին ունեին պաստառներ. «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Դինք ենք»:
Ավելի քան 2 տարվա հետաքննությունից հետո մինչ օրս էլ նրա սպանության մեղավորները պատժված չեն: Գործում բացահայտվում են նորանոր մանրամասներ, մասնավորապես այն, որ Դինքի սպանությանը առնչություն են ունեցել «Էրգենեկոն» կազմակերպության անդամները:
Սպանության անմիջական կատարողը` 18-ամյա Օգյուն Սամաստը հայտարարել է, որ չի զղջում իր արարքի համար, հետագայում պարզ դարձավ, որ նա դա արել է բարձրաստիճան պաշտոնյաների հատուկ պատվերով:
Հայ լրագրողի ու հրապարակախոսի սպանությունը դատապարտել են ամենահայտնի միջազգային կազմակերպությունները, որոնք կոչ են արել Թուրքիային՝ երկրի քրեական օրենսգրքից վերացնել 301-րդ հոդվածը (Թուրք ազգի արժանապատվությունը վիրավորելը), որով պատասխանատվության են կանչվել բազմաթիվ հայտնի թուրք գիտնականներ ու լրագրողներ, այդ թվում` Հրանտ Դինքն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
Այսօր Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ակցիա է կազմակերպվել, որի մասնակիցները ձեռքներին բռնելու են պաստառներ. «Թուրքիա, դեմքով կանգնիր դեպի քո պատմությունը», «Հարգիր ազգային փոքրամասնություններին»: Բացի այդ, երկրի խորհրդարանում միջոցառում կանցկացվի, որը կրում է «Ի՞նչ է իրականում կատարվում Թուրքիայում» անվանումը: Ավելի վաղ՝ հունվարի 16-ին, Ստամբուլի փողոցներից մեկում, Դինքի սպանության վայրում հավաքվել էին մտավորականության մոտ 300 ներկայացուցիչներ, որոնք անցորդներին թռուցիկներ էին բաժանում: Նրանք իրենց երթն սկսել են Թաքսիմ հրապարակից եւ հասել մինչեւ Գալաթասարայի ճեմարան, ձեռքներին ունենալով «Կեցցե ժողովուրդների բարեկամությունը», «Ընդդեմ ֆաշիզմի, դու իմ եղբայրն ես, Հրանտ», «Մարդասպանին գիտենք, պահանջում ենք արդարադատություն» կարգախոսներով պաստառներ:




























