Հենց նոր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի դատավճիռը: Փաշինյանը մեղադրվում էր 2008-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու (225-րդ հոդված) եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ (316-րդ հոդվածի առաջին մաս):

Դատարանը 316-րդ հոդվածով արդարացման դատավճիռ կայացրեց, իսկ ահա զանգվածային անկարգությունների կազմակերպման համար դատարանը նրան դատապարտեց 7 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ մեղադրող կողմը 8 տարվա ազատազրկում էր պահանջել:

Պաշտպանական կողմը գտնում է, որ Ն. Փաշինյանի մեղքն ապացուցող որեւէ հիմք չկա եւ նա պետք է ազատ արձակվի: Իսկ ինքը` Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ի դատական նիստում հայտարարել էր. «Ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, որ ՀՀ-ում այս քաղաքական գործով որեւէ դատարան կարող է արդարացման դատավճիռ կայացնել։ Բայց ես, միեւնույնն է, արդարացման դատավճիռ ակնկալում եմ, եւ այդ դատավճիռը ակնկալում եմ ոչ թե դատարանից, այլ այդ դատավճիռը ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ու ժողովրդից»:

Նրա պաշտպանները նշում էին, որ միակ արդար վճիռը դա արդարացման վճիռը կարող է լինել, սակայն հույս չունեն, թե ներկա պայմաններում նման բան հնարավոր է Հայաստանում: Պաշտպանները նշում էին, որ եթե իրենց պաշտպանյալի դատավճիռը լինի մեղադրական, այն բողոքարկվելու է եւ բոլոր ներպետական ատյանները սպառելուց հետո այն ուղարկվելու է Եվրոպական դատարան: