«Լրացավ Բաքվում 1990 թ.-ի հայերի ջարդերի 20-ամյակը: Ուղիղ 20 տարի առաջ ադրբեջանական խուժանը պաշտոնական Բաքվի անմիջական նախաձեռնությամբ եւ թելադրանքով հարձակվեց անհիշելի ժամանակներից այդ քաղաքում ապրող խաղաղ բնակչության վրա, սպանեց եւ թալանեց վերջիններիս: Այս ամենի որակումը միայն մեկն է՝ Ցեղասպանություն: Միայն Ցեղասպանություն տերմինով կարելի է բնութագրել այն վայրագությունները, որ կատարեց ազերի խուժանը:
Պարոնայք, մինչեւ այսօր Բաքվի հայ բնակչության ցեղասպանությանը իրավական գնահատական չի տրվել: Իրավական գնահատականի բացակայությունը համարժեք է նոր ցեղասպանության իրականացմանը: Բազմաչարչար ադրբեջանահայերի առջեւ դուք բարոյական եւ իրավական պարտականություն ունեք ապացուցելու, որ իսկապես հանդիսանում եք մարդու իրավունքներ պաշտպանող եւ ժողովրդավարություն քարոզող կառույցների ներկայացուցիչներ: Հորդորում ենք Ձեզ` ճանաչել ուղիղ 20 տարի առաջ տեղի ունեցած սահմռկեցուցիչ իրադարձություններն իբրեւ Ցեղասպանություն, իսկ կազմակերպիչներին, որոնցից շատերը բարձր ամբիոններից ճառում են մարդու իրավունքների մասին` ենթարկել քրեական պատասխանատվության` իբրեւ խաղաղ բնակչության դեմ ոճիրներ գործած անձանց:
Հիշեցնում ենք, Դուք բարոյական խնդիր ունեք ապացուցելու ողջ հայ ժողովրդին, որ Ձեզ համար ավելի թանկ չէ Բաքվի սեւ նավթը, քան անմեղ ժողովրդի հղված արյունը»,- ասված է հայտարարության մեջ:




























