Հունվարի 19-ին Գիտությունների ազգային ակադեմիայում Բաքվում հայերի ջարդերի 20 ամյակին նվիրված գիտական կոնֆերանս է անցկացվել, որի շրջանակներում էլ կայացել է «Բաքու. 1990թ. հունվար. սովորական ցեղասպանություն» ֆիլմի շնորհանդեսը։
Ինչպես հայտարարել է ֆիլմի հեղինակ Մարինա Գրիգորյանը, ֆիլմն ատելություն սերմանելու նպատակ չունի. գլխավոր ցանկությունը՝ բոլորին տեղեկացնել 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած ջարդերի մասին։ «Սա „Սովորական ցեղասպանություն“ շարքի առաջին ֆիլմն է»,- պարզաբանել է Գրիգորյանը։ Ֆիլմը պատրաստվել է Հասարակական կապերի եւ տեղեկատվության կենտրոնի կողմից՝ ՀՀ նախագահի աշխատակազմի աջակցությամբ։ Կինոնկարի տեւողությունը 40 րոպե է։
Բաքվի հայկական ջարդերի վավերագրական կադրերով եւ քաղաքի հայ եւ ռուս բնակիչների վկայություններով լի ֆիլմում ներկայացվում են Բաքվում էթնիկ հողի վրա իրագործված դաժան սպանությունները։
Ֆիլմն սկսվում է ժամանակակից Բաքվի տեսարաններով, որին զուգահեռ նշվում է, որ մերօրյա Ադրբեջանում չեն ուզում հիշել այդ քաղաքի հայազգի բնակչությանը, ով տարիներ շարունակ կարեւոր դեր է ունեցել սոցիալ-տնտեսական զարգացման մեջ, իսկ հետո բռնի ուժով վտարվել այնտեղից։ «Այսօր քչերն են պատկերացնում, որ ընդամենը 20 տարի առաջ այս փողոցներով արյուն է հոսել, միջնադարյան դաժանության սպանություններ են կատարվել»,- կադրից դուրս պատմում է ձայնը։
Ֆիլմի հեղինակները փաստում են, որ 1990թ. հունվարի 13-ից հետո շուրջ 50 հազար գազազած ադրբեջանցիներ, ձեռքերում ունենալով քաղաքի հայ բնակիչների հասցեները, ուղեւորվում էին թալանելու, բռնաբարելու եւ սպանելու։
Ինչպես ֆիլմում նշել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, 1990թ. գենետիկ հիշողությունը հայերին ստիպել է զուգահեռներ անցկացնել 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Ֆիլմում մեծ տեղ է տրված 1990թ. ջարդերի նախապատմությանը՝ Բաքվի 1905-1906թթ., 1918թ., ինչպես նաեւ Սումգայիթի եւ Կիրովաբադի 1988թ. ջարդեր։
Ֆիլմում ասվում է, որ քսան տարիների ընթացքում Ադրբեջանում ստի եւ 1990թ. դեպքերի մերժման պետական քաղաքականություն է վարվում։
Ֆիլմն ավարտվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կրակի մոտ՝ այն փաստի արձանագրմամբ, որ Բաքվի ջարդերի կազմակերպիչներն ու մասնակիցներն առ այսօր անպատիժ են մնացել։




























