1990թ. հունվարին Բաքվի ջարդերի պատճառը պանթյուրքիստական գաղափարախոսությունն է, որ դավանում էին կովկասյան թաթարները, որոնք հետագայում ադրբեջանցիներ անվանվեցին: Այդ մասին հայտարարել է ՄՀՄՊՀ (МГИМО) կովկասյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Զախարովը՝ հունվարի 19-ին ելույթ ունենալով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած գիտական համաժողովին, որ նվիրված էր Ադրբեջանի մայրաքաղաքում հայկական ջարդերի 20-ամյակին:

Նրա խոսքով, թեեւ խորհրդայնացումից հետո բոլշեւիկների կուսակցությունն արգելեց բոլոր ազգայնական շրջանակների գործունեությունը, Ադրբեջանում ազգայնական տրամադրությունները երբեք արմատախիլ չեն արվել: Ավելին, սերնդեսերունդ ատելություն է փոխանցվել հայերի նկատմամբ, իսկ այսօրվա Ադրբեջանում պետական մակարդակով ստեղծվել է հայի՝ որպես թիվ 1 թշնամու կերպարը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության առաջին տարիներին խորհրդային կենտրոնական ղեկավարության դիրքորոշման մասին Վ.Զախարովը նկատել է, որ Միխայիլ Գորբաչեւը որոշում էր Խորհրդային Միության փլուզման բարդ խնդիրը: Արդյունքում նա սպասողական դիրք էր բռնել, որը ձեռնտու էր ադրբեջանական կողմին:

Մոսկվացի փորձագետը նաեւ ուշադրություն է հրավիրել Հայաստանի ղեկավարության թերությունների վրա՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ճշմարտությունը միջազգային հանրությանը հասցնելու գործում: Զախարովն ընդգծել է, որ Հայաստանում պետական մակարդակով պետք է ադրբեջանական ապաքարոզչության հակազդման քաղաքականություն վարվի: Մասնավորապես պետք է հատուկ հիմնադրամ ստեղծել, որը համապատասան գրականությունը կթարգմանի օտար լեզուներով: