Մի խումբ ամերիկահայեր նամակով դիմել են Հայաստանի նախագահին, վարչապետին եւ հայաստանյանի լրատվամիջոցներին՝ իրենց մտահոգությունն արտահայտելով Հայաստանի պետական Կամերային նվագախմբի ներսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Նամակում, որի տակ ստորագրել են ճանաչված գրող Ալիսիա Կիրակոսյանը, դերասանուհի Նարե Հայկազյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը եւ այլք, նշվում է, թե վերջին օրերին համառ լուրեր են պտտվում Հայաստանի պետական Կամերային նվագախմբում ստեղծված անառողջ մթնոլորտի մասին, խոսվում է նվագախմբի պառակտման մասին, ինչպես նաեւ թիրախ է ընտրվել նվագախմբի ղեկավար Արամ Ղարաբեկյանը: Ամերիկահայերը նկատել են, որ Ղարաբեկյանի պրոֆեսիոնալությունը, խստապահանջությունը իր անձի եւ կոլեկտիվի հանդեպ՝ կարող է դառնալ ընդվզման առիթ, եւ ուշադրություն են հրավիրում այս իրավիճակի վրա, որպեսզի կանխվի «Հայաստանում ու Սփյուռքում հուսալքության նոր ալիքը»: