Այսօր՝ հունվարի 20-ին լրանում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կառավարման մեկ տարին:

Ամերիկահայ համայնքը, թեեւ որոշ հիասթափություն ունի Միացյալ Նահանգների ղեկավարությունից, սակայն ակնկալում է, որ Օբաման կկատարի իր խոստումը եւ կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Նույն ակնկալիքներն ունի ամերիկահայ համայնքը Օբամայից: Թեեւ կա հիասթափություն, բայց ակնկալությունը, որ նա իր հանձնառության տերը կլինի, կա: Եւ, ամեն դեպքում, ամերիկահայ համայնքը աշխատում է, որ Օբաման եւ Կոնգրեսը 95-ամյակի կապակցությամբ հանգամանորեն վերահաստատեն Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստը»,- հույս հայտնեց դաշնակցական գործիչը:

Վերջինս նշեց նաեւ, թե չի կարծում, որ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում նախօրեին կայացած ընտրությանը հանրապետական Սքոթ Բրաունի սենատոր ընտրվելու փաստը լրջորեն անդրադառնա Ցեղասպանության բանաձեւի ճակատագրի վրա: «Սենատում այնքան առաջ չի գնացել ընդհանրապես բանաձեւի աշխատանքը: Ավելի շատ կենտրոնացումը եղել է ներկայացուցիչների պալատի բանաձեւի վրա, դրա համար այդ ընտրությունը, չեմ կարծում, որ ուղղակի հետեւանք ունենա»,- նշեց Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ Մասաչուսեթս նահանգից սենատոր է ընտրվել հանրապետական Սքոթ Բրաունը՝ մահացած Էդվարդ Քենեդիի փոխարեն: Սենատում ուժերի հարաբերակցությունը նախկին 60-40-ի փոխարեն դարձել է 59-41՝ հօգուտ դեմոկրատների, բայց հանրապետականները հնարավորություն են ստացել արգելափակել մի շարք օրինագծեր: