Հունվարի 20-ին, օրվա առաջին կեսին Կառավարությունը լսել է Էկոնոմիկայի, Ֆինանսների, ինչպես նաեւ կրթության ու գիտության նախարարությունների տարեկան հաշվետվությունները: Մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարության հաշվետվությունում նշվում է, որ 2009 թվականը նախարարության համար նշանավորվել է առաջնահերթ քաղաքականությունների ուրվագծման, ինստիտուցիոնալ ձեւավորումների, լայնամասշտաբ նախաձեռնումների, կարողությունների զարգացմանն ուղղված գործընթացների մեկնարկով:
Հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամը՝ էկոնոմիկայի նախարարությունը միջոցառումներ է ձեռնարկել միջոցները նպատակային ուղղորդելու ուղղությամբ: Համաշխարհային բանկից ներգրավվել է 700 միլիոն դոլարի վարկային ռեսուրս, ինչպես նաեւ ձեւավորվել է քաղաքականությունների աջակցության 60 միլիոն դոլարի վարկային ռեսուրսով փաթեթ: Դրանից բացի 500 միլիոն դոլար ստացվել է Արժույթի միջազգային հիմնադրամից, 80 միլիոն դոլար բյուջետային աջակցություն ստացվեց Ասիական բանկից: ԵՄ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 100 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վերաբերյալ:
Նախարությունը 2009 թվականին թողարկել է «Հայաստանի տնտեսական զեկույց 2009. Ճգնաժամից դեպի նոր զարգացում» զեկույցը: Բացի այդ ընդունվել է ՀՀ-ում տեսչական բարեփոխումների իրականացման հայեցակարգը եւ ներկայումս իրականացվում է պիլոտային ծրագիր 3 տեսչություններում:
Դրանից բացի, նախարարությունը մշակել է ՀՀ արդյունաբերության զարգացման հայցեակարգ, որտեղ արդյունաբերության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը համարվել է խոշոր ընկերությունների մոտ տեղեկատվության պակասը:



























