2009 թվականին Հայաստանի տնտեսության նման մեծ անկումը կապված է փոքր հնարավորություններ ունենալու հետ: Այսօր նման կերպ փորձեց արդարացնել ՀՀ տնտեսության ռեկորդային` 16 տոկոսանոց անկումը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ ողբերգական չի համարում այդ անկումը: Նա կարծիք հայտնեց, թե հավատում է կառավարության խոստմանը, որ 2010 թվականին Հայաստանում գրանցվելու է 1,2 տոկոսի աճ: Հիշեցնենք, սակայն, որ 2009-ին կառավարությունը խոստացել էր 9,2 տոկոսանոց աճ, սակայն գրանցվեց 16 տոկոսանոց անկում:
Դիտարկմանը, թե ընդդիմադիր տնտեսագետները կանխատեսում են, որ 2010-ին լինելու է 2-3 տոկոսանոց անկում, Վ. Բոստանջյանն ասաց. «Ընդհանուր առմամբ, ընդդիմության ասած 2-3 տոկոսի անկումը շատ հարմար թիվ է: Ընդդիմությունը հենց նրա համար է կոչվում ընդդիմություն, որ մատնանշի տնտեսության խոցելի մասերը եւ իրականությանը նայի բացասական ակնոցներով: Շատ լավ է, որ նրանք չեն խոսում 10 տոկոսանոց անկման մասին»: Նշենք, որ 2009-ի համար ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կանխատեսել էր 11-12 տոկոսանոց անկում, սակայն այն անհամեմատ ավելի շատ եղավ:
ԲՀԿ-ական պատգամավորը որպես լավատեսական տեղեկություն նշեց, որ աշխարհի «լոկոմոտիվ» երկրներն արդեն դուրս են եկել ճգնաժամից, «իսկ դա Հայաստանի համար լավ է»:



























