«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը 2009 թվականին կառավարության գործունեությունը բավարար է համարում, թեեւ կարծում է, որ միշտ էլ լավից լավը կարող է լինել: «Պարզ է, որ որոշները այդ ամենը կարող էին ավելի լավ անել»,- ասաց նա:

Հարցին, թե որքանո՞վ արդյունավետ են ծախսվել այն հսկայական վարկերը, որոնք մեր երկիրը վերցրել է 2009 թվականին, տնտեսագետ պատգամավորը պատասխանեց. «Անշուշտ, վարկ օգտագործողները նույնպես ասում են, որ օգտագործման արդյունավետության ցանկալի մակարդակի չենք հասել»: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը վերադարձնելու այդ հսկայական պարտքերը, հաշվի առնելով, որ 2014 թվականին արտաքին պարտքի սպասարկումը հասնելու է տարեկան 400 միլիոն դոլարի, նա արձագանքեց. «Գոնե մինչ այս պահը ՀՀ իշխանությունները արտաքին պարտքի սպասարկման առումով գտնվել են բարձունքի վրա: Հիմա սպասարկումը թվում է բարձր, բայց արդյունավետ գործունեություն ծավալելու պարագայում դա մեծ թիվ չէ: Միայն „Փոթորիկ անապատում“ օպերացիայի ժամանակ ԱՄՆ-ը ծախսում էր 1 միլիարդ դոլար: Ես չեմ ուզում համեմատել, բայց մեր երկիրն էլ վատ երկիր չէ, եւ պարտքերի հարցում խնդիրներ չենք ունենա»: