Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» BDP (նախկին "Ժողովրդավարություն եւ հասարակություն) կուսակցության անդամ Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հունվարի 21-ի առավոտյան ժանդարմերիայի ներկայացուցիչները Իգդիրի քաղաքապետի եւ կուսակցության եւս 10 անդամի տանը խուզարկություն են իրականացրել եւ իրենց հետ տարել նաեւ Իգդիրի քաղաքապետին։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Իգդիրի ներկայիս քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշը ընտրվել է 2009 թվականի մարտի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքով։ Վերջինս Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր Իգդիրի առաջին քուրդ քաղաքապետն է։ Մինչ այդ տարիներ ի վեր Իգդիրում ադրբեջանական բնակչության գերակշիռ մեծամասնության պատճառով՝ քաղաքապետեր են ընտրվել ադրբեջանցիներ։
Իգդիրի բնակչությունը երկփեղկված է հավասար երկու մասի։ Իգդիրի ադրբեջանցիները դեմ են առանց Ղարաբաղի խնդրի լուծման հայ-թուրքական սահմանի բացմանը, իսկ քրդերը՝ պնդում են, որ առանց նախապայմանների պետք է բացվեն սահմանները։




























