Ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական լուծում չունի, որը կբավարարի բոլոր կողմերին՝ առանց դեմքը կորցնելու, դա այն հարցը չէ, որ կարող է լուծվել կախարդական փայտիկի թափահարմամբ: Այդ մասին Day.az-ին տված հարցազրույցում հայտնել է ռուսաստանյան «Պրավոե դելո» քաղաքական կուսակցության համանախագահ Լեոնիդ Գոզմանը:
Գոզմանի խոսքով, ինքը ղարաբաղյան խնդրի լուծումը պատկերացնում է փոքր-ինչ այլ կերպ. «Երբ անլուծելի հարցը պարզապես սառեցվում է, օրինակ՝ 30 տարով: Այսինքն, կողմերը կարող են գրավոր կամ բանավոր պայմանավորվել, որ կվերադառնան հակամարտության լուծմանը որոշ ժամանակ անց»:
Այդ դեպքում, ինչպես ինքն է նշել, մի կողմ դնելով մի խնդիրը կողմերը կարող են քննարկել մի շարք այլ հարցեր:
«Այս դեպքում իմ առաջարկն այն է, որ նախնական կապ հաստատվի երկու երկրների միջեւ, ինչը, իմ կարծիքով, ավելի քան կարեւոր է»,- հայտարարել է Գոզմանը՝ հստակեցնելով, որ խոսքը գնում է դիվանագիտական, առեւտրա-տնտեսական, մշակութային, բնապահպանական եւ այլ կարգի կապերի մասին:
Նրա խոսքով, այդ ամենն արվի, անգամ «այնպիսի խնդիր, ինչպես Լեռնային Ղարաբաղն է, կործանիչ չի լինի երկու երկրների հարաբերությունների համար»:
Միեւնույն ժամանակ, ռուսաստանցի գործիչը նկատել է, որ առաջիկայում կողմերը կարող են ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել, սակայն դրանք ավելի շատ վերաբերելու են տարածաշրջանի իրավիճակին, քան անմիջապես Լեռնային Ղարաբաղին:




























