Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Զուրաբովի ժամանումն Ուկրաինա սպառնում է նոր դիվանագիտական սկանդալ դառնալ:
Ուկրաինայի նախագահի գրասենյակը մտադիր է խորհուրդ տալ ԱԳՆ-ին՝ չընդունել Զուրաբովի հավատարմագրերի պատճենը, քանի որ այնտեղ, Կիեւի տվյալներով, նշված չէ Ուկրաինայի նախագահի անունը, գրում է «Կոմերսանտ» թերթը: Պարբերականը նշում է, որ ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության կողմից նման խորհրդի ընդունումը փաստացի կնշանակի, որ նոր ռուսական դեսպանը չի կարող անցնել իր պարտականությունների կատարմանը:
«Հավատարմագիրն ուղարկված է. „Ձերդ մեծություն Ուկրաինայի նախագահի“ անունով, սակայն նախագահի անունն ու ազգանունը նշված չեն»,- թերթին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրը:
Ելնելով իրավիճակի բարդությունից՝ չի բացառվում, որ Կրեմլը ստիպված լինի հետաձգել դեսպանի այցը, կամ էլ Միխայիլ Զուրաբովը ստիպված է լինելու ժամանալ Կիեւ որպես մասնավոր անձ եւ մեկ-երկու ամիս աշխատել որպես ՌԴ նախագահի առեւտրային հատուկ ներկայացուցիչ՝ առանց դիվանագիտական առաքելության ղեկավարի կարգավիճակի, գրում է թերթը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի Դմիտրի Մեդվեդեւը Զուրաբովին, որը մինչ այդ կատարում էր դեսպանի պարտականությունները, հրահանգել է Մոսկվայից մեկնել Կիեւ: «Ինտերֆաքսի» տվյալներով, դիվանագետը ծառայության վայր կմեկնի արդեն հաջորդ շաբաթ:




























