ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, որոնք այս շաբաթ հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց նվիրվածությունն են հայտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում Ռոբերտ Բրադկեն, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասիեն տեղեկացնում են, որ հունվարի 20-ին Երեւանում հանդիպելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` նրան են փոխանցել «2007 թվականի նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակը` համանախագահների կողմից Հիմնարար սկզբունքների նոր ձեւակերպմամբ»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակը փոխանցվել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին` միջնորդների Բաքու կատարած այցի ժամանակ: Համանախագահները ընդգծել են , որ համապատասխան հրահանգը ստացել էին իրենց նախագահներից 2009 թվականին, Ակվիլայում:
Հիշեցնենք, որ տարեվերջին համանախագահները Երեւան չէին այցելել: Իսկ ահա Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո` հունվարի 21-ին, համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
«Համանախագահների հետ իրենց քննարկումներում երկու նախագահներն էլ իրենց նվիրվածությունը հայտնեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելուն եւ վերահաստատեցին լրջությունը, որով իրենց կողմը մոտենում է բանակցություններին», — ասված է միջնորդների հունվարի 22-ի հայտարարությունում:
Տարածաշրջան կատարած այցից հետո համանախագահները մեկնել են Աստանա` ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնող Ղազախստանի կառավարության հետ խորհրդակցությունների համար: Աստանայում խորհրդակցություններից հետո նրանք կմեկնեն Սոչի, որտեղ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հյուրընկալելու է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպումը:




























