Փետրվարին Մոսկվայում կարող է կայանալ մերձավորարեւելյան կարգավորման միջնորդների նախարարական նիստ: Այդ մասին հունվարի 26-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հանդիպումից հետո:
Միեւնույն ժամանակ, Լավրովի խոսքով, անհրաժեշտ է, որ միջազգային միջնորդները, որ հատուկ լիազորություններով են օժտված, համակողմանի վերլուծության ենթարկեն առկա իրավիճակը: Նա նշել է, որ այդ հարցում անհրաժեշտ է գործել միասնաբար, որ «բանակցությունները վերսկսվեն»:
«Գործը „մեռյալ կետից“ շարժելու համար, իհարկե, միայն մեկի ջանքերն անբավարար են»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ հայտնել է, որ Մեդվեդեւ-Աբաս հանդիպման կենտրոնական թեման եղել է Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ ուղիղ բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունը, եւ պայմաններ ստեղծելը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նշենք, որ այսօր պաղեստինցի ղեկավարը կուղեւորվի Կազան՝ երկօրյա այցով, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Թաթարստանի նախագահ Մինթիմեր Շայմիեւի հետ:



























