2001 թ.-ից ի վեր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը զբաղվում է Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի սկզբունքների խթանմամբ (Կոնվենցիային միացել են շատ երկրներ, այդ թվում Հայաստանը): Այն է` բնակչության համար բնապահպանական տեղեկատվության եւ արդարադատության մատչելիությունը եւ հանրության մասնակցությունը բնապահպանական հարցերի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին: Վերջին 10 տարիների ընթացքում գրասենյակի աջակցությամբ բացվել են հանրային տեղեկատվական 14 կենտրոններ (Օրհուս կենտրոններ)՝ Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում՝ Գյումրիում: Տեղական իշխանությունները շարունակում են դիմել Գրասենյակին` նմանատիպ նոր գրասենյակներ հիմնելու խնդրանքով: Այդ կենտրոնները աշխատում են ԵԱՀԿ-ի, ՀՀ բնապահպանության նախարարության եւ տեղական իշխանությունների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա եւ իրենց դրական ներդրումն են ունեցել բնակչության իրազեկման, շրջակա միջավայրի խնդիրների լուծման եւ հասարակական ու պետական կառույցների միջեւ համագործակցության խթանման հարցերում:

Գյումրու Օրհուսի կենտրոնը ամենաակտիվ կենտրոններից է եւ երեք տարվա գործունեության ընթացքում հետեւողական ու խանդավառ կերպով աշխատել է Շիրակի մարզի բնակչության բնապահապանական իրազեկումն ու իրավակիրառումը բարձրացնելու ուղղությամբ:

Քանի որ Օրհուս կենտրոնի փակումը կարող է զգալի վնաս հասցնել այդ գործունեությանը, ԵԱՀԿ գրասենյակը կոչ է անում շուտափույթ վերականգնել Օրհուս կենտրոնի աշխատանքը եւ այդ ուղղությամբ բանակցում է ՀՀ տարածքային կառավարման եւ բնապահպանության նախարարությունների հետ: Այս պահին համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի Գյումրու կենտրոնի աշխատակիցները կարողանան միջոցառումներ կազմակերպել կենտրոնի տարածքում՝ մինչեւ տեխնիկական հարցերի վերջնական լուծումը: