Արդեն 8 տարի է, ինչ Մուրադ Բոջոլյանը գտնվում է բանտում: Այս կապակցությամբ Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Այսօր լրանում է ութ տարին, ինչ հանիրավի, շինծու մեղադրանքով տաս տարվա ազատազրկման դատապարտված Մուրադ Բոջոլյանը գտնվում է անազատության մեջ:

Հավատարիմ բոլշեւիկյան եւ ստալինյան գործելաոճին, Հայաստանում իշխանությունը ժողովրդից բռնազավթած մի խումբ մարդկանց հրահանգով եւ կամակատար դատական իշխանությունների մեղադրական եզրակացությամբ առաջադրված կեղծ մեղադրանքով Մուրադ Բոջոլյանը դատապարտվեց:

Նա առաջիններից էր, ում ռեժիմը որոշեց պատժել: Այն ժամանակ, շատերիս համար անհասկանալի պատճառով, սակայն այսօր արդեն ակնհայտ, թուրքագետ, օսմաներենի եզակի մասնագետ Մուրադ Բոջոլյանը միգուցե եւ խոչընդոտ կարող էր հանդիսանալ այս իշխանությունների որդեգրած հայ-թուրքական քիրվայությանը, ուստի անհրաժեշտ էր նրան ժամանակավորապես մեկուսացնել»: