«Հայաստանի կառավարության քաղաքականությունն ու գործողությունները չեն համապատասխանում ստեղծված իրավիճակին»,- հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը՝ ընդգծելով, որ եթե մինչեւ ճգնաժամը կառավարությունը ինչ-որ փորձեր անում էր տնտեսության մեջ որոշակի ծրագրեր իրականացնելու համար, ապա ճգնաժամի ժամանակ, երբ դրսից հսկայական վարկեր ստացավ, դադարեց որեւէ բան անելուց եւ հիմա կառավարությունն ուղղակի ժամանակ է ձգում, մինչեւ ամբողջ աշխարհում վիճակը լավանա, ինչն էլ դրականորեն կազդի մեր տնտեսության վրա:

«2010 թվականին ՀՀ տնտեսության մեջ որակական փոփոխություն չի կատարվում եւ կտեսնեք, որ նույն քաղաքականությունը շարունակվելու է: Որեւէ միջոցառում չի իրականացվում, որը նախատեսված չի եղել մինչեւ ճգնաժամը»,- նշեց Ա. Նռանյանն ու հավելեց, որ եթե դրամային արտահայտությամբ տնտեսական անկումը 2009-ին կազմել է 14,4 տոկոս, ապա դոլարային արտահայտությամբ դա ավելի քան 27 տոկոս է կազմում: «Մենք վերադարձել ենք 4-5 տարի առաջ ունեցած ցուցանիշին»,- հավելեց նա: