Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ընդդիմության ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ 2009թ. արդյունքները վկայեցին, որ ամենավատ կանխատեսումներն իրականություն դարձան: Համաձայն պաշտոնական վիճակագրության, Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 14,4 տոկոս: Ասատրյանի խոսքով, եթե ՀՆԱ ծավալը դիտարկվի դոլարային արտահայտմամբ, 2008թ. համեմատությամբ անկումը կազմել է 23 տոկոս, քանի որ 2008թ. ՀՆԱ-ն կազմել է 12 մլրդ դոլար, իսկ 2009թ.՝ 8 մլրդ:
Միեւնույն ժամանակ Բագրատ Ասատրյանը նշել է, որ կյանքի մակարդակի անկումը կազմել է 30 տոկոս: Դա բացատրվում է նրանով, որ Հայաստանում որոշակի իրողություններ կան, որոնք որեւէ ընդհանուր բան չունեն իրար հետ: «Այնպիսի տպավորություն է, որ մենք գտնվում ենք ծուռ հայելիների թագավորությունում եւ անգամ վիճակագրությանը հավատալ չի կարելի»,- նկատեց նա: Նախկին պաշտոնյայի խոսքով, վերջին 10 տարում Հայաստանում ձեւավորվել է արատավոր տնտեսական համակարգ, որը ծառայել է 1-2 մարդու: Բագրատ Ասատրյանը չի հավատում, որ 2010թ. տնտեսական աճ կլինի, եւ նրա կարծիքով, անկումը կշարունակվի:




























