Աշխարհում նկատվում է գազի գների անկում, իսկ Հայաստանում գները հետեւողականորեն աճում են: Այդ մասին հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Բագրատ Ասատրյանը:

Նրա խոսքով, Եվրոպան գազը գնում է 1000 խմ-ի համար 200 դոլարով, իսկ Հայաստանը, որն ավելի է մոտ է Ռուսաստանին, շուտով գազը գնելու է նույն գնով, եթե ոչ ավելի թանկ:

Ասատրյանը նշել է, որ խնդիրն այն է, որ Հայաստան գազ առաքում է «Հայռուսգազարդ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է ռուսաստանյան ընկերություններին, որոնք գազը գնում են արտոնյալ տարիֆներով, եւ այն բարձր գներով վերավաճառում հայ սպառողին՝ գերշահույթներ ստանալով: Ասատրյանը նկատել է, թե հակամենաշնորհային հանձնաժողովը պետք է վերջ դնի դրան, կամ էլ հայտարարի, որ ռուսաստանյան ընկերությունը թալանում է Հայաստանի բնակչությանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով, սակայն, բոլորն են ցանկանում գազ օգտագործել, սակայն կա խնդիր դրա պահպանման մեջ: Բոստանջյանը նշել է, թե էներգետիկ համակարգի պահպանումը բարդ եւ ծախսատար աշխատանք է, Հայաստանը ժառանգություն էր ստացել քայքայված էներգետիկ համակարգ: «Որպես Հայաստանի քաղաքացի, ես ուրախ եմ, որ գազ եմ օգտագործում, քանի որ այդ գազը կարող էր եւ չլինել»,- ասել է նա: