Հայկական բանակը, սկսած արցախյան ազատամարտից՝ առ այսօր, պատվով է կատարում իր առջեւ դրված բոլոր խնդիրները: Այդ մասին Զինված ուժերի սպայական կազմին պարգեւներ հանձնելու հանդիսավոր արարողությանը հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, 18 տարի առաջ, երբ ստեղծվում էր պաշտպանության նախարարությունն ու կազմավորվում էին առաջին կանոնավոր բանակային ստորաբաժանումները, որեւէ մեկը չէր կարող մտածել, որ «այսօր մենք հզոր եւ մարտունակ բանակ ենք ունենալու»:
« Հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից է: Մենք հաղթող բանակ ենք եւ կողմ ենք խաղաղությանը: Հակառակորդի ռազմատենչ հայտարարությունները մեզ ստիպում են զգոն լինել»,- նկատել է նախարարը՝ ընդգծելով, որ հայկական բանակը շարունակում է զարգանալ՝ դիմագրավելու համար բոլոր մարտահրավերներին:
Նշենք, որ հունվարի 28-ին Հայաստանը նշում է իր Զինված ուժերի 18-ամյակը: 1991թ. Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության պետական կոմիտեն, իսկ 1992թ. հունվարի 28-ին ընդունվեց պատմական որոշում «Հայաստանի պաշտպանության մասին»՝ այդ կերպ օրինականացնելով Հայոց ազգային բանակի ստեղծման փաստը:




























