«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ:

Նայեք հայելու մեջ: Ո՞ւմ եք տեսնում այնտեղ: 

Նամուսով, թասիբով, շիտակ ու բարի գյումրեցու:

Որպես անհատականություն` ե՞րբ եք կայացել: 

1981թ-ին, երբ ընդունվեցի ինստիտուտ եւ ընտրվեցի խմբի ավագ:

Ի՞նչ հատկանիշներ կցանկանայիք ունենալ, որ չունեք: 

Շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ տվել է իմ տեսակին անհրաժեշտ բոլոր հատկանիշները:

Ի՞նչ հատկանիշներից կցանկանայիք ձերբազատվել: 

Առավել անհամբերությունից:

Եթե նորից ծնվեիք...ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:

Ոչինչ չէի փոխի, կմնայի նույնը:

Ինչպիսի՞ մանուկ էիք, մի հետաքրքիր դրվագ կպատմե՞ք, ցանկալի է` հումորային:

Շատ աշխույժ, մի քիչ չարաճճի: Հետաքրքիր դրվագներ շատ եմ ունեցել, երբեք չեմ մոռանա, երբ 6 թե 7 տարեկան էի, ամառային արձակուրդների ընթացքում գտնվում էի Երեւանում, իմ կողմից շատ սիրված երջանկահիշատակ քեռուս տանը, եւ տնեցիները, օգտվելով այն հանգամանքից, որ քեռիս տանը չի, փորձեցին իրենց դիմացի հարեւանի հետ գլխիս խաղ խաղալ: Ինձանից թաքուն տան հոսանքը անջատեցին, ինձ տվեցին մի դատարկ դույլ եւ ասեցին. «Գնա դիմացի հարեւանի տուն հոսանք բեր»: Ես հասկացա, որ ուզում են ինձ միամիտ լենինականցու տեղ դնեն եւ խաբեն, ու միամիտ երեխայի պես վերցրեցի դույլը եւ գնացի հարեւանի տուն: Վերջիններս դույլի մեջ մի քիչ ջուր լցրեցին, այնուհետ լվացքի փոշի եւ ասացին.    «Խնդրեմ, կարող ես տանել, հոսանքը պատրաստ է»: Ես շնորհակալություն հայտնեցի` հավելելով, որ մեր մոտ այդ բաղադրությանը ավելացնում են նաեւ մի քանի խոշոր քարեր, որպեսզի հոսանքի լարումը նորմալ լինի, պատասխանեցին, թե կներեք, մոռացել էինք, եւ բակից մի քանի հատ խոշոր քար գցեցինք դույլի մեջ: Դույլով «Հոսանքը» բերեցի տուն եւ բոլորը սկսեցին ծիծաղել, նայելով միամիտ լենինականցուն: Ես առանց վարանելու մտա սանհանգույց եւ դույլի պարունակությունը դատարկեցի լվացարանի մեջ, ասելով, որ հիմա հոսանք կլինի: Քեռանցս չեխական լվացարանը  քարերի հարվածից  մի քանի տեղով կոտրվեց, բոլորը միանգամից քարացան, եւ հասկացան, թե իրականում ով ում գլխին խաղ խաղաց:

Որո՞նք են ձեր խոցելի կողմերը:

Բարությունս եւ անկեղծությունս:

Ինչի՞ համար եք զղջում:

Զղջում եմ, որ 3 երեխա ունեմ, միշտ երազել եմ գոնե 5 երեխա ունենալ:

Ինչի՞ համար եք ամենաշատը ձեզ մեղադրում:

Որ երբեմն անհարկի նվիրվել եմ:

Ի՞նչ ստեր եք հաճախակի ստիպված ասել:

Ես փորձել եմ երբեք չստել, բացառությամբ ապրիլմեկյան ստերի:

Ձեր կենսագրությունը բավականին հետաքրքիր է: Ավարտել եք Երեւանի

պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը, սննդարդյունաբերության ճարտարագետ եք, աշխատել եք տարբեր հաստատություննեում եւ  կաթսայատան վարիչից հասել մինչեւ պատգամավոր: Ոչ բոլորին կհաջողվեր, կբացահայտեք` ո՞վ կամ ի՞նչն է ձեզ օգնել այս հարցում:

Աստված, ծնողներս եւ ընկերներս:

Ի՞նչ է ձեզ համար «Օրինաց երկիր» կուսակցության անդամ լինելը: Հանուն ինչի՞ կդավաճանեք կամ կփոխեք ՕԵԿ-ին:

Ես հպարտ եմ, որ Օրինաց օջախի անդամ եմ, «Օրինաց երկիրը» իմ տունն է, իմ ընտանիքը, որը ինձ շատ բան է տվել, եւ ես երբեք Հուդա չեմ դառնա ու չեմ ուրանա:

Ինքներդ ձեզնից գո՞հ եք, եթե այո, ապա ինչպե՞ս է հաջողվել գոհ լինել, եթե ոչ, ապա դժգոհությունը ի՞նչ հարցերի շուրջ է:

Գոհ եմ, երբ իմ շրջապատն է ինձանից գոհ: Դժգոհ եմ, երբ ինչ-որ մի բան չի ստացվում լիարժեք անել:

Ովքե՞ր (ինչեր) են ձեր թշնամիները, հակառակորդները եւ աջակիցները:

Ես թշնամիներ չունեմ, որովհետեւ որեւէ մեկի օջախը չեմ քանդել, ունեցվածքը չեմ խլել, երեխաների հացը չեմ խլել, ձեռքերս ու խիղճս մաքուր են: Իմ աջակիցներն են իմ ընտանիքը, իմ ընկերները, իմ բարեկամները եւ իմ հավատը:

Ամենաշատը ինչի՞ց եք վախենում:

Իմ վախը ժամանակին բռնել ու ցմահ ազատազրկման են դատապարտել: Ես ոչնչից չեմ վախենում:

Զայրանում եք, երբ

Համբերությանս բաժակը լցվում է:

Զարմանում եք, երբ

Հանդիպում եմ ղայդին մարդու:

Ձանձրանում եք, երբ

Պարապ եմ լինում:

Հուսահատվում եւ հիասթափվում եք, երբ…

Ես երբեք չեմ հուսահատվում, իսկ հիասթափվում եմ լպրծուն պահվածքով մարդկանցից:

Հպարտությունը:

Հպարտությունը իմ պատկերացմամբ արժանապատվություն է, եւ ես հպարտ եմ, որ ունեցել եմ նամուսով ու թասիբով ծնողներ, ունեմ հնազանդ կին եւ ինձ արժանի երեխաներ ու ընկերներ:

Ուրախությունը:

Ես լիաթոք կուրախանամ, երբ իմ ազգն ու ժողովուրդը կունենա լուսավոր ապագա եւ կապրի ուրախ ու անդարդ:

Տխրությունը:

Ես տխրում եմ, երբ ունենում ենք մարդկային կորուստներ: Իմ ամենատխուր օրը եղել է 1988թվականի դեկտեմբերի 7-ը:

Հոգսերը:

Հոգսերը շատ են, բազմազան եւ բազմաբնույթ:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Իմ ամենամեծ հաղթանակը իմ գյումրեցիների եւ շիրակցիների  կողմից առանց քոռ կոպեկի մեզ տրված քվեներն են, բազմաթիվ  ջիգյարով ձայները: Իսկ «պարտությունս», որ չեմ ընտրվել մեծամասնական ընտրակարգով:

Ո՞րն է ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:

Երբ որոշեցի զբաղվել քաղաքականությամբ:

Երբեւէ ամաչե՞լ եք ձեր արածի կամ ասածի համար:

Ես փորձել եմ ինձ այնպես պահել, որ չամաչեմ իմ ասածի կամ արածի համար: Իսկ երբ իմ կյանքում սխալվել եմ, օգտվել եմ ներողություն բառից:

Ամենաշատը ինչքա՞ն եք սպասեցրել եւ ինչքա՞ն եք սպասել:

Ես սպասեցնել չեմ սիրում, եղել են դեպքեր, երբ ես եմ սպասել:

Ամենամեծ նյութական հարստությունը, որ ունեք: Չասեք, թե ձեր համար կարեւորը հոգեւոր հարստությունն է:

Իմ ամենամեծ հարստությունը իմ հայրական օջախն է:

Հայաստանում ի՞նչն է ամենից շատ ձեզ նյարդայնացնում:

Անհանդուրժողականությունը, երախտամոռությունը, չարությունն ու նախանձը:

Ո՞վ է Հայաստանի լավագույն քաղաքական գործիչը:

Արթուր Բաղդասարյանը:

Ձեր երջանկությունը ի՞նչ գույն ունի:

Իմ երջանկությունը վառ գույների մեջ է:

Վերջին անգամ ե՞րբ եւ ի՞նչ առիթներով եք արտասվել:

Երբ կորցրել եմ իմ ավագ եղբորը:

Ձեր մասին ամենաանհեթեթ առասպելը:

Որ ես խոշոր գործարար եմ եւ բիզնեսներիս մեծ մասն էլ Գերմանիայում է:

Ձեր սիրելի գույնը, ծաղիկը, թռչունը:

Ծիրանագույնը, ձնծաղիկը, ճնճղուկը, «տարվա բոլոր եղանակներին կերակրողի կողքին է»:

Սիրելի գրական հերոսներ եւ հերոսուհիներ:

Վարդան Մամիկոնյան, Սասունցի Դավիթ, Մխիթար Սպարապետ, Փառանձեմ թագուհի, Սոսե մայրիկ:

Սիրելի հերոսները մերօրյա իրականության մեջ:

Շախմատի Ազգային հավաքականը:

Ովքե՞ր են ձեր ընկերները` հարուստ պաշտոնյաներ, թե… Օրինակ` սեռական փոքրամասնություն կազմող ընկերներ ունե՞ք, թե՞ ոչ, նրանց հետ շփվու՞մ եք, թե՞...

Իմ ընկերները ղայդին նվիրված մարդիկ են, անկախ նրանից` պաշտոնյա են, թե շարքային քաղաքացի, կարեւորը` մարդ են մեծատառով: Իսկ ինչ վերաբերում  է սեռական փոքրամասնություն կազմողներին, ապա հիշեցնեմ, որ ես ավանդապաշտ նամուսով ու թասիբով գյումրեցի եմ:

Ո՞րն է ձեր սիրելի զբաղմունքը:

Ազատ ժամանակ զբոսնելը:

Ինչպես է ստացվում, որ ամեն անգամ ձեր ասուլիսներից հետո ինչ-որ սկանդալների մեջ եք հայտնվում:

Ոչ միշտ է այդպես, սակայն եղել են դեպքեր, երբ ոմանք կանխամտածված այլ կերպ են մեկնաբանել, միշտ չէ, որ անկեղծ խոսքը, շիտակ դիրքորոշումը եւ արդարացի պահվածքը հալած յուղի տեղ է ընդունվում:

Վերջին անգամ ե՞րբ եք խոհանոցում ինչ-որ բան պատրաստել:

Մոսկվայում ուսանողական տարիներին, երբ դեռ ամուսնացած չէի:

Մեր խոհանոցի թագուհին կինս է:

Ամենառոմանտիկ օրը:

Դժվարանում եմ պատասխանել, քանզի ես այդքան էլ ռոմանտիկ չեմ:

Համաշխարհային կանանցից ո՞վ է ձեզ համար կանացիության եւ գեղեցկության էտալոնը:

Ուշադիր չեմ եղել, որ որեւէ մեկին առանձնացնեմ:

Անցած սերեր:

Անցածն ու ներկան նույնն է, իմ կինը, որին շատ սիրում եմ:

Ո՞վ է կինը, կսահմանեք:

Կինը մայր է, քույր, աղջիկ, կյանքի ընկեր, քնքուշ էակ:

Ասում են` ամուսնությունը սպանում է սերը, դուք զգացե՞լ եք ձեր վրա:

Ոչ, ես հակառակն եմ զգացել, ամուսնությունից հետո, տարիների ընթացքում ավելի ու ավելի է ամրապնդվում սերն ու հավատը:

Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո։

Ամեն ինչի:

Եթե Հայաստանում բազմակնություն լիներ, քանի՞ կին կպահեիք:

Իմ կյանքի կեսը մեկն է:

Ընտանեկան վեճերը ի՞նչ թեմաների շուրջ են լինում:

Իմ ընտանիքում որոշում կայացնողը ես եմ, չի եղել դեպք, որ մենք ինչ-որ թեմաների շուրջ վիճենք, ուղղակի քննարկել ենք:

Ձեր երեխաների դաստիրակությամբ որքանո՞վ եք զբաղվում, ապտակե՞լ եք երբեւէ նրան, իսկ ձեր հայրը ձեզ ապտակե՞լ է:

Իմ երեխաների դաստիարակությամբ հիմնականում զբաղվում է կինս: Ինչքանով որ հիշում եմ, մեկ-երկու անգամ իմ հայրը ինձ ապտակել է, ես էլ իմ տղաներին: Մի լավ ավանդական խոսք կա` ծնողի կողմից ապտակ կերած որդին ճիշտ ուղիով է մեծանում:

Երկնքից երեք խնձոր է ընկնում…

Մեկն ասողին, մեկը լսողին, մեկն էլ լրագրողին:

Այժմ, ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին, որը ինչպես դուք, այնպես էլ ես, չգիտենք, թե ով կլինի:

Ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքը Ազգային ժողովում:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը ձեզ հարցնում է, թե

ինչքանո՞վ եք դուք անկախ ձեր պատգամավորական գործունեության մեջ:

Այնքանով, որքանով...

Նշենք, որ Հովհաննես Մարգարյանը սննդարդյունաբերության ճարտարագետ: Ճարտարագետհետազոտող: Աշխատել է որպես ճարտարագետ, կաթսայատան վարիչ, Գյումրիի հրուշակեղենի ֆաբրիկայի տնօրեն: Պատգամավոր է դեռեւս 2003թ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, Շիրակ Թորոսյանի, Հայկ Բաբուխանյանի, Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի, Տաճատ Վարդապետյանի, Սամվել Նիկոյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արթուր Գեւորգյանի, Գալուստ Սահակյանի, Մկրտիչ Մինասյանի,Մանվել Բադեյանի, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի, Կարեն Բոթոյանի. Խաչիկ Հարությունյանի, ԲՀԿ-ից`Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գուրգեն Արսենյանի, Վահան Բաբայանի, Արմեն Ավետիսյանի, Բազմասեր Առաքելյանի, Միքայել Մելքումյանի, Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո), Մարտուն Գրիգորյանի,Լյովա Խաչատրյանի,Մերուժան Սիմոնյանի ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Մանուկյանի , «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի,  Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի,  անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի