Հայաստանին սահմանակից Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջայի քաղաքապետ Ահմեդ Սաիթ Սադրեթթին Թուրքանը հունվարի 8-ին այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող թուրքական զորամասեր։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուզլուջայի քաղաքապետը սահմանակից զորամասեր եւ ուղեկալներ է այցելել շրջանային ոստիկանապետ Իբրահիմ Սերքանի եւ բարձրաստիճան զինվորականների հետ։ Ահմեդ Սաիթ Սադրեթթին Թուրքանը նշել է, թե իր այցը զորամասեր նպատակ ունի ոգեւորել ընտանիքներից հեռու եւ դժվարին պայմաններում ծառայող թուրք զինվորականներին։
Նշենք, որ Թուզլուջայի քաղաքապետը հայտնի է նրանով, որ ամեն տարի Թուզլուջան հայերից բռնազավթելու օրը մոտենում է Արաքս գետին, մեխակներ նետում եւ սպիտակ աղավնիներ բաց թողնում՝ ի նշան խաղաղության։




























