Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը պատասխանել է NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին` անդրադառնալով թե նախագահական ընտրություններին, թե Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության` ՀԱԿ-ի քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ առաջարկած փաստաթղթին:
Պարոն Հայրապետյան, Պահպանողական կուսակցությունը նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուի սատարելու որոշում ունի՞:
Պահպանողական կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում որեւէ թեկնածուի սատարելու որոշում առայժմ չունի: Կուսակցության ներսում նախապատվություններն այս պահին պտտվում են պարոնայք Պ.Հայրիկյանի, Ր.Հովհաննիսյանի եւ Հ.Բագրատյանի, ինչպես նաեւ որեւէ մեկին չսատարելու շուրջ: Վերջնական որոշումը կկայացվի կուսակցական ներքին բանավեճերից հետո՝ հաջորդ շաբաթվա ընթացքում:
Ինչպե՞ս եք գնահատում «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի ընտրվելու շանսերը, եւ առհասարակ նրա առաջադրվելու որոշումը: ՀԱԿ շատ ներկայացուցիչներ նրան մեղադրում են դավաճանության մեջ:
Պարոն Բագրատյանի առաջադրման փաստը պահպանողականներս ընդունում ենք ի գիտություն, նրա՝ ընտրվելու հնարավորությունները գնահատելն առնվազն իմ՝ որպես նախկին ՀԱԿ-ականի կողմից ոչ կոռեկտ կլիներ, ուստի ի սրտե նրան հաջողություններ եմ ցանկանում, իսկ «դավաճանություն» եւ այլ ցանկացած բառի հետ կամայական վարվելը համարում եմ թերուսության կամ գավառամտության արտահայտություն՝ չիմանալով նույնիսկ, թե ում ի նկատի ունեք:
Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը ՀԱԿ-ի քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքը տեսնում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից ազատվելը: Դուք ՀԱԿ-ի քաղաքական ճգնաժամից դուրս գալու ի՞նչ ելք եք տեսնում: Համաձա՞յն եք, որ դրա համար պետք է ազատվել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից:
ՀԱԿ ճգնաժամի կամ բարգավաճման մասին մենք տեղյակ չենք երկու տարուց ի վեր, ավելին՝ դա համարելով ՀԱԿ-ի ներքին գործը՝ մեզ իրավունք չենք վերապահի խցկվել արդեն նաեւ դե յուրե օտար կառույցի ներքին գործերի մեջ: Այսօր ՀԱԿ-ում մնացած կազմակերպությունների առաջնորդներից պարոն Պետրոս Մակեյանին համարում եմ իմ միակ բարեկամը, իսկ պարոն Լեւոն Զուրաբյանի քաղաքակիրթ եւ քաղաքացի լինելը հազվագյուտ երեւույթ է այսօրվա մեր քաղաքական դաշտի համար, ինչն ինձ համար հոգեհարազատ է եւ ինքնին գնահատելի, իսկ նրանց վեճը եւ այդ վեճի առարկան ու նպատակները մեզ համար հետաքրքրություն չեն ներկայացնում:




























