Ի՞նչ կարգախոսներ, քանի՞ նախընտրական շտաբեր են ունենալու փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում մասնակցող թեկնածուները, այս ամենը պարզել է NEWS.am-ի թղթակիցը:

Այսպես, Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կարգախոսը «Դեպի ապահով Հայաստանն է»: Նրա նախընտրական շտաբի ղեկավարը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է լինելու, տեղակալները 5-ն են`  Միքայել Մինասյան, Դավիթ Հարությունյան, Արմեն Գեւորգյան, Կարեն Կարապետյան, Լեւոն Յոլյան: ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանը կունենա մոտ 1500 նախընտրական շտաբ:

«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մոտ 40 շտաբ են ունենալու: Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը կղեկավարի «Ազատություն» կուսակցության վարչության անդամ Արշակ Ավագյանը, տեղակալը կլինի Վարդան Մարգարյանը: «Շտաբերը կարգավորման փուլում են, կազմավորման աշխատանքները ավարտված չեն»,- ասաց Կարինե Հարությունյանը: Մամուլի քարտուղարը նաեւ նշեց, որ հստակ կարգախոս չի կարող ասել, քննարկման փուլում են: Նա ներկայացրեց մի քանի տարբերակ`  «Հայաստանը միայն Երեւանը չէ», «Երեւանը միայն կենտրոնը չէ», «Ընդամենը 100 քայլ», «Մնայուն արժեքները ստեղծվում են հայրենիքում»:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի  քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կուսակցության բոլոր գործող գրասենյակները մարզերում կվերածվեն շտաբերի, բոլոր մարզերում կլինեն շտաբեր, նաեւ նոր լուծումներ են տալու, որի մասին կխոսեն հունվարի 21-ին: Շտաբի ղեկավարի եւ տեղակալների անունները կհայտնեն հունվարի 21-ին: Րաֆֆի Հովհաննիսյանի կարգախոսները մի քանիսն են` «Հնարավոր է», «Մեկ անգամ եւ միասին»:

«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարգախոսները եւս մի քանիսն են լինելու` «Հավատը` գործով», «Հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք, Հայաստանը ազատենք», «Եկել է պատմական ՊԱՀ-ը» (Պարույր Արշավիրի Հայրիկյան), ինչպես նաեւ` «Ինքնորոշում», «Ազատ Հայաստան»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ  նախընտրական աշխատանքների համակարգողը Մանյա Այվազյանն է, տարբեր ոլորտների պատասխանատուներն են` Արսեն Պողոսյանը, Սուսաննա Գրիգորյանը, Էմմա Շաշիկյանը, Վրեժ Զատիկյանը եւ այլք: Երեւանում նախագահի թեկնածուն  կունենա չորս գրասենյակ, մարզերում եւս կլինեն շտաբեր, սակայն կոնկրետ թիվ Պարույր Հայրիկյանը դժվարացավ նշել:

«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր նախընտրական շտաբը ղեկավարելու ինքը, տեղակալները երեքն են, բայց անուններ առայժմ չցանկացավ նշել: Թե քանի շտաբ է ունենալու նախագահի այս թեկնածուն, նշեց հետեւյալը. «Բոլոր հայկական օջախները ինձ համար նախընտրական շտաբ են լինելու»: Բացի հայկական օջախներից` Արամ Հարությունյանը Երեւանում մեկ շտաբ կունենա:  Նախագահի թեկնածուի կարգախոսն է` «Ես ձեզնից մեկն եմ»:

Նախագահի մյուս թեկնածուն` ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, եւս մեկ շտաբ կունենա, նորից` Երեւանում, իսկ մարզերում կունենա վստահված անձինք: Արման Մելիքյանի նախընտրական շտաբը կղեկավարի «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող  Էլեոնորա Ասատրյանը,տեղակալներ չեն լինելու: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կարգախոսը կհրապարակի քարոզարշավի առաջին օրերին:

Էպոսագետ ներկայացող նախագահի թեկնածուն` Վարդան Սեդրակյանը, կունենա 6-7 նախընտրական շտաբ, մեկը` Երեւանում, մնացածները` մեծ մարզերում: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ շտաբը կղեկավարի ինքը, տեղակալներ չի ունենալու, «ինչի՞ն է պետք»: Էպոսագետ ներկայացող թեկնածուի կարգախոսն է` «Վերեւն Աստված կա»:

Նախագահի միակ թեկնածուն, ով ցանկացավ մնալ խորհրդավորության մեջ եւ ոչինչ «չբացահայտեց», քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն է: Շտաբի եւ կարգախոսների վերաբերյալ մեր հարցերին ի պատասխան` նա հորդորեց զանգահարել հունվարի 21-ին` խոստանալով այդ ժամանակ պատասխանել բոլոր հարցերին:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստանում կկայանան նախագահական ընտրություններ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը չեն մասնկացում ընտրություններին, ոչ թեկնածու են առաջադրում, ոչ էլ սատարում են առաջադրված թեկնածուներին: Իսկ առաջադրվել է 8 թեկնածու` ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ ներկայացող, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը:

Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունվարի 21-ին: