NEWS.am-ը ներկայացնում է Հայաստանում գիտության ոլորտում ստեղծված իրավիճակի եւ գիտության զարգացման հեռանկարների մասին զրուց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Հայաստանի ամերիկյան համալսարանի ավագ դասախոս, պապտմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթեւոսյանի հետ:

Պարոն Տեր-Մաթեւոսյան, ըստ Ձեզ, որոնք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջեւ ծառացած հիմնական խնդիրները։

Կախված է այն հանգամանքից, թե երիտասարդ գիտնականն ինչպիսի նպատակ է հետապնդում։ Եթե նա ցանկանում է միայն գիտությամբ ու հետազոտությամբ զբաղվել, ապա նրա համար պահանջվող պայմանները տարբերվում են այն գիտնականից, որը համատեղում է գիտությունն ու դասավանդումը։ Հարկավոր է հասնել այնպիսի վիճակի, որ երիտասարդ գիտնականը լինի ինքնաբավ ու մրցունակ, գիտական հաստատությունները ստեղծեն ինքնակարգավորող մեխանիզմներ, գիտական արտադրանքը ապրանքայնացվի եւ այլն։ Բնականաբար, այս պահանջները խիստ վերացական կհնչեն, եթե բարձրագույն կրթության ոլորտում առկա էական խնդիրները չլուծվեն։ ԲՈՒՀ-երում ուսանողներին չի դասավանդվում ուսումնասիրությունների իրականացման այբուբենը, ինչպե՞ս կարելի է ամբողջ բեռը թողնել ասպիրանտուրայի վրա եւ վերջում բարձրակարգ հետազոտություն ակնկալել։ Մյուս կարեւոր խնդիրը գիտության երեւանակենտրոն զարգացման հետեւանքով առաջացած խնդիրներն են։ Մարզային ԲՈՒՀ-երին եւ գիտահետազոտական հաստատություններին նվազագույն ուշադրություն է հատկացվում, պետք է լրջորեն վերանայել այդ մոտեցումը։

Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում եւ այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։

Հարցը վկայում է, որ կա ընկալումների որոշ խեղում։ Գիտնականը նախեւառաջ համակարգված գիտելիքի կրող է, որը սոցիալիզացիայի արդյունքում դառնում է արժեքներ, սկզբունքներ ու հայացքներ դավանող մտավորական։ Եթե նա ապրի իր գրքերի ու հետազոտությունների քարանձավում, ապա, լայն առումով, բացի իր նեղ մասնագիտական շրջանակից ոչ ոք էլ չի տեղեկանա նրա գիտական ձեռբերումների ու դրանց կիրառման հեռանկարների մասին։ Իրականում կան գիտնականներ, ովքեր հենց այդ սկզբունքն էլ դավանում են ու դա նրանց իրավունքն է, բայց ես այլ բանաձեւով եմ գործում։ Եթե գիտնականի մեջ ամբարվում է աշխարհայացք, սկզբունքներ եւ հայացքներ ու դրանք կիսվում են հասարակության հետ, ապա վերջինս դառնում է ավելի խճանկարային, բազմազան, հետեւաբար առավել ուժեղ։

Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական եւ ոչ-պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։

Դրանք չնկատել անհնար է, սակայն լայն առումով գիտնականն ունի անտեսված լինելու զգացում։ Կատարվում են քայլեր, որոնք դեռ համակարգային բնույթ չեն կրում եւ քանակական առումով բավարար չեն, թեեւ մյուս կողմից, այս փուլում դրանք միտված են գիտության ոլորտում մրցունակության բարձրացմանը։ Կարծում եմ՝ դաշտում հստակություն մտցնելու առումով պետք է շարունակել իրականացնել տեխնիկական առումով ճիշտ կազմակերպված մրցույթներ՝ գիտական ֆինանսավորման նպատակային բաշխման եւ մրցունակության բարձրացման նպատակներով։ Ինչպես նշեցի, պետք է շեշտակիորեն փոխել բարձրագույն կրթության եւ գիտության կազմակերպման սկզբունքները, զուտ ֆինանսավորման ավելացմամբ առաջընթաց չի լինի։

Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում եւ դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

Երկար ժամանակ աշխատել եմ արտասահմանում. հանրագումարում մոտ յոթ տարի, որոնք եղել են խիստ կարեւոր՝ իմ մասնագիտական հմտությունների զարգացման առումով։ Շատ հանգամանքներ էին տարբերվում՝ սկսած տեխնիկական հնարավորություններից ու խաղի կանոններից, ավարտած մասնագիտական հանրության ներգրավման ինտենսիվութունից։

Ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջեւ։

Մեր մասնագիտական ոլորտում համագործակցությունը բավականին սերտ է, որն անշուշտ դրական է։ Մշակվում եւ իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր ու այս առումով կարծես թե ամեն ինչ հարթ է։ Թեեւ մի կարեւոր խնդիր կա նաեւ այս հարցում, որն իրականում օբյեկտիվ է. մասնագիտական առումով դաշտը բավականին փոքր է, եւ որն էլ մրցակցության եւ գրախոսության հարցերում որոշակի սահմանափակումներ է առաջացնում։

Ինչպե՞ս եք վերաբերում տարատեսակ մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել մասնավոր հիմնադրամների կողմից։

Նշված մրցանակաբաշխությունները տարբեր նպատակներ են հետապնդել։ Թեեւ նշված կազմակերպությունների կողմից քանիցս արժանացել եմ մրցանակների, սակայն կարծում եմ, որ այդ մրցանակաբաշխությունները համակարգային խնդիրներ չեն կարող լուծել։ Փոխարենը, նրանք նպատակահարմար կլիներ ստեղծել գիտական հիմնադրամներ եւ մրցութային հիմունքներով գիտնականներին տրամադրել դրամաշնորհներ։ Վերջին շրջանում նկատված տարաբնույթ միջոցառումները տարերայնորեն էին կազմակերպված ու պետական օղակների վրա շատ ավելի զգաստացնող հետեւանք թողեցին։ Օրինակ, ՀՀ Նախագահի կողմից տրամադրվեց 100 մլն դրամ. գրեթե վստահ եմ, որ Նախագահը գնաց այդ քայլին, որպեսզի երիտասարդ գիտնականներին ցույց տա, որ նրանց կողմից ներկայացված խնդիրները միայն ֆինանսներով չեն լուծվում։ Թե այդ գումարի շրջանակում կազմակերպված միջոցառումները ինչքանով նպաստեցին գիտության զարգացմանը, կարելի է երկար բանավիճել, սակայն դրանց արդյունավետության հարցում ես անձամբ ունեմ հարցեր։ Հարկավոր են համակարգային լուծումներ, դրվագային եւ իրավիճակային ներխուժումները իրավիճակը չեն կարող փոխել։

Դուք ինքներդ ի՞նչ միջազգային գիտաժողովներում եք ներկայացրել Ձեր աշխատանքները։

Յուրաքանչյուր գիտնականի համար խիստ կարեւոր է մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, որոնք գիտնականի համար յուրատեսակ ստուգատես են հանդիսանում։ Դրանց չմասնակցելը, դրանցից հրաժարվելը նշանակում է մնալ այդ ոլորտի զարգացումներից անդին, հայտնվել տեղապտույտում եւ կղզիանալ։ Դեռ 1997 թվականից ակտիվորեն մասնակցել եմ հանրապետական ու միջազգային գիտաժողովներին, աշխատաժողովներին, գիտական ֆորումներին, կլոր սեղաններին։ Առավել ակտիվ եմ եղել սկսած 2004 թվականից՝ Նորվեգիայում ուսումնառության տարիներին։ Մասնակցածս գիտաժողովները 60-ից ավելի են եւ դրանք չթվարկելու համար միայն նշեմ, որ այդ միջոցառումները տեղի են ունեցել Ռուսաստանի, ԵՄ-ի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի լավագույն ուսումնական ու գիտահետազոտական կենտրոններում։ Իմ աշխատություններում քննարկվում են այնպիսի թեմաներ, ներկայացվում են այնպիսի աղբյուրներ, որոնք հետաքրքրում են ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Թուրքիայի այն գիտական շրջանակներին, որոնք զբաղվում են հանրապետական Թուրքիայի պատմությամբ։ Հղումները իմ աշխատանքներին բազմիցս են հանդիպել, ինչը վստահություն է ներշնչում, որ իմ գրիչը պահանջված է։

Ի՞նչ միջազգային գիտական ծրագրերում եք ընդգրկված եւ ինչպիսի՞ն է դրա արդյունավետությունն ու օգտակարությունը։

ՀՀ ԳԱԱ ԱԻ-ի մեր գիտական խումբը 2004 թ․-ից ի վեր ակտիվորեն ներգրավված է հանրապետական ու միջազգային գիտական ծրագրերում։ Մեզ հաջողվել է ստանալ ֆինանսավորում՝ շահելով մի շարք գիտական դրամաշնորհներ, որոնք էապես օգնել են մեր աշխատանքային խմբին՝ հետազոտությունների իրականացման գործում։ Վերջին շրջանում Արեւելագիտության ինստիտուտի ղեկավարությունը թարմացնում է նախկինում գոյություն ունեցած կապերը, իսկ որոշ դեպքերում էլ նոր պայմանավորվածություններ է ձեռք բերում ՌԴ-ի, ԵՄ-ի, Մերձավոր Արեւելքի եւ Հեռավոր Արեւելքի առաջատար գիտահետազոտական հաստատությունների հետ։ Իրականացվում են համատեղ ծրագրեր, մշակվում նորերը, այս ամենը շոշափելի կերպով ազդում է մեր գործունեության արդյունավետության բարձրացման վրա։

Զրույցը վարեց Մանե Հակոբյանը