Մի խումբ բնապահպանական կազմակերպություններ հայտարարել են բնապահպանական ճակատ ստեղծելու մտադրության մասին:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք` Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս (ներառյալ Արցախի եւ Սփյուռքի մեր հայրենակիցները),
փաստելով, որ ներկայումս Հայաստանում մեծ թափով ընթանում է Հայրենիքի էկոգաղութացում, որն օտար կապիտալի եւ ներքին օլիգարխիայի կողմից բնական ռեսուրսների լայնածավալ ու անխնա շահագործման հետեւանք է, որն էլ բերում է բնության անդառնալի կորուստների ու հատկապես գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական ճորտացման եւ համատարած արտագաղթի,
նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները ոչ միայն գործնական քայլեր չեն ձեռնարկում համազգային այս աղետը կանխելու ուղղությամբ, այլ նաեւ հենց իրենք են հանդիսանում այդ ամենի անբաժանելի մասն ու դրա հովանավորը,
հաշվի առնելով, որ օրվա հաց վաստակելու բեռի տակ կքած հայրենաբնակ ժողովուրդը, հատկապես նրա այն հատվածը, որը հայտնվել է բնական ռեսուրսները թալանող կապիտալի տնտեսական գերության մեջ, ի զորու չէ միայնակ պայքարելու եւ շտկելու իրավիճակը, ահազանգ հնչեցնելով, որ մեր երկրի բնության ամայացումն ու թունավորումը, էկոարտագաղթն ու էկոգաղութացումը սպառնում են Հայոց պետականության եւ Հայրենիքում բնակվող հայության գոյությանը,
գիտակցելով, որ բնապահպանությունը հայաստանապահպանություն է, եւ իրավիճակը հնարավոր է շտկել միայն համայն հայության բնապահպանական ներուժի համախմբմամբ եւ համակարգված գործադրմամբ,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) ստեղծելու գաղափարի մասին:
Համահայկական բնապահպանական ճակատի նպատակը պետք է լինի մեր հայրենի բնության պահպանության, տնտեսության բանական զարգացման եւ սոցիալական արդարության ապահովումը: Այս նպատակին հասնելու ճանապարհին, ՀԲՃ-ն հետամուտ է լինելու բնական միջավայրի պահպանմանը, վերականգնմանն ու զարգացմանը, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը եւ վերարտադրությանը, շրջակա միջավայրի վրա տնտեսական եւ այլ գործունեության բացասական հետեւանքների կանխմանը եւ վերացմանը, սոցիալական արդարության սկզբունքով բնական ռեսուրսների օգտագործման արդյունքների բաշխմանը` այս ոլորտում հանրային մոնիտորինգ եւ վերահսկողություն իրականացնելու միջոցով:
Նշված նպատակին հասնելու եւ խնդիրների իրականացման համար ԲՀՃ-ն առաջարկում է ձեւավորել բնապահպանական մոնիթորինգի եւ գործողությունների կազմակերպման ու համակարգման համահայկական ցանց, որը բացառապես պետք է գործի օրինականության, թափանցիկության ու հաշվետվողականության, բանականության սկզբունքներով:
Մոնիթորինգի արդյունքները կներկայացվեն հանրությանը եւ պետական մարմիններին: Եթե պետությունը տարբեր պատճառներով հնարավորություն կամ ցանկություն չի ունենա վերացնելու խախտումները եւ լուծելու ներկայացված խնդիրները, ապա ԲՀՃ-ն ձգտելու է Սահմանադրության եւ օրենքների պահանջների սահմաններում պահանջելու կամ ինքնուրույն կերպով կատարելու բնությանը հասցված եւ/կամ հասցվելիք վնասի կանխարգելման եւ վերականգնման աշխատանքը: Նախանշված նպատակին հասնելու եւ իր խնդիրները լուծելու համար ԲՀՃ-ն, մասնավորապես, ձեռնարկելու է հետեւյալ քայլերը.
1) ապահովել բնապահպանական ոլորտի մասնագետների ակտիվ մասնակցությունը եւ նրանց ներուժի օգտագործումը նպատակներին հասնելու համար,
2) իրականացնել էկոկրթական ծրագրեր, հանրության էկոգիտակցության աճը ապահովող ծրագրեր եւ միջոցառումներ,
3) խթանել բանական տնտեսական զարգացումը՝ իրականացնելով բնությանը չվնասող տնտեսական ծրագրեր եւ ձեւավորել առողջ, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանն ուղղված բիզնես միջավայր,
4) հատկապես նպաստել հանքարդյունաբերական եւ անտառամերձ շրջանների համայնքների զարգացմանը` առաջին հերթին խթանելով գյուղատնտեսության զարգացումը,
5) անզիջում պայքար տանել բնապահպանության բնագավառում առկա կոռուպցիոն դրսեւորումների դեմ, եւ դրանք կանխարգելու նպատակով խոշորացույցի տակ առնել նաեւ կոռուպցիոն ռիսկերը,
6) աջակցել պետական մարմինների, հասարակական եւ բնապահպանական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ անհատների բոլոր այն գործողություններին, որոնք կարող են նպաստել ՀԲՃ-ի նպատակների իրագործմանը,
7) նպաստել բնապահպանական տեղեկատվության մատչելիության ապահովմանը,
8) նպաստել հանրության մասնակցությանը բնապահպանական ոլորտում որոշումներ կայացնելու գործընթացին,
9) նպաստել բնապահպանության ոլորտին առնչվող իրավական ակտերի կատարելագործմանը,
10) նպաստել բնապահպանական ոլորտի գործերով արդարադատության մատչելիությանը,
11) եռամսյակը մեկ զանգվածային լրատվության միջոցներով հանրությանը ներկայացնել հաշվետվություն կամ տեղեկատվություն` ԲՀՃ-ի կատարած քայլերի ու գործողությունների մասին: Ցանցի գործունեությունն իրականացնելու համար ստեղծել համակարգող խորհուրդ, որը կհամակարգի տարածքային եւ ոլորտային սկզբունքով ձեւավորված աշխատանքային խմբերի գործունեությունը (այդ թվում` կազմակերպչական, տեխնիկական, ֆինանսական, տեղեկատվական-քարոզչական, իրավաբանական ապահովման, ակտիվ գործողությունների եւ այլն):
Խորհրդի անդամ կարող են լինել բոլոր նրանք, ովքեր իրենց վրա կվերցնեն այդ աշխատանքները կատարելու պատասխանատվությունը եւ կկիսեն ՀԲՃ-ի նպատակներն ու գաղափարները: Համակարգող խորհրդի ընթացիկ աշխատանքի համադասման նպատակով` այդ պարտականությունն առաջարկվում է մեկամսյա ժամկետներով հերթականությամբ (օրինակ` այբբենական կարգով) հանձնարարել նրա անդամներին: Ոլորտի համակարգող խորհուրդն առավելապես պետք է բաղկացած լինի երիտասարդներից: Ավագ սերնդի գիտելիքներն ու փորձը կիրառելու համար առաջարկվում է կազմել խորհրդատվական մարմին` ներառելով գիտնականների, մասնագետների, հասարակական գործիչների եւ ակտիվիստների:
Աշխատանքային խմբերն առաջարկվում է ձեւավորել ըստ ենթաոլորտային խնդիրների: Օրինակ` հանքավայրերով զբաղվող խումբ, փոքր ՀԷԿ-երով զբաղվող խումբ, իրավաբանական ապահովման խումբ, անտառների վերահսկման խումբ եւ այլն: Յուրաքանչյուր աշխատանքային խումբ պետք է ունենա մասնագետ-խորհրդատու (ցանկալի է երիտասարդ): Անդամակցությունը ԲՀՃ-ին կամավոր է:
Սկզբնական շրջանում բոլոր աշխատանքները կատարվելու են կամավորության սկզբունքով: Հետագայում հնարավոր է համարվում խորհրդատվական եւ այլ ծառայությունների վճարովի կատարումը: Առաջին հերթին անհրաժեշտ է կառույցներ ձեւավորել Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում, Ստեփանակերտում, իսկ արտերկրի հայության մասով` Լոս Անջելեսում եւ Մոսկվայում: ԲՀՃ-ի բնականոն գործունեության ապահովման համար նախատեսվում է ստեղծել բնապահպանական հիմնադրամ»:




























