«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Ground zero» եւ «Քաղաքական տարին մեկնարկելիս» հոդվածներիս քննարկումը վկայում է, որ արծարծված հարցերը հրատապ են եւ հուզում են հանրության լայն շերտերին:
Հոդվածների կապակցությամբ եղել են նաեւ քննադատություններ, որոնց հետեւել եմ ուշադրությամբ ու հարգանքով: Հարկ եմ համարում ընդգծել, որ չեմ հանդիպել այնպիսի հարցադրումների, որոնց պատասխանները ուղղակի կամ անուղղակի տրված չլինեին հենց հոդվածներում, ինչը նշանակում է, որ դրանց անդրադառնալու անհրաժեշտություն չկա: Ներկայումս առաջնային է դառնում հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող քաղաքացիական պայքարի հետագա կազմակերպման մասին խոսակցությունը:
Վերահաստատելով Ազատության հրապարակում ստանձնած պարտավորություններս՝ առաջիկայում հանրության դատին կներկայացնեմ քաղաքացիական փաստաթղթի նախագիծ, ինչի վերաբերյալ ակնկալում եմ շահագրգիռ քննարկում»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»:



























