2012թ-ին մարզի համայնքները  սեփական եկամուտների հավաքագրման պլանը կատարել են 91.6 տոկոսով` նախատեսված 1մլրդ 553 մլն-ի դիմաց հավաքագրելով 1մլրդ 422.2 մլն դրամ եկամուտ: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանը` հավելելով, որ նախորդ տարվա նկատմամբ աճը կազմել է 100 տոկոս:

«Պետք է նշել, որ հիմնականում մարզի 3 տարածաշրջաններ՝ Սպիտակը, Տաշիրը  եւ Թումանյանը նախորդ տարվա նկատմամբ աճ են ապահովել, իսկ նվազում ունեն Գուգարքի եւ Ստեփանավանի տարածաշրջանները: Սեփական եկամուտների հավաքագրումը մարզի Կաթնաղբյուր համայնքը  կատարել է մինչեւ 40 տոկոս, Լորուտ, Դաշտադեմ եւ Գյուլագարակ համայնքները, որոնք համապատասխանաբար կատարել են մինչեւ 60 տոկոս հավաքագրում: Մնացած բոլոր համայնքները ավելի բարձր կատարողական ունեն»,-ասաց նա:

Սեւակ Հովհհաննիսյանի փոխանցմամբ` որոշակի հաջողություններ կան գույքահարկի գծով կատարված հավաքագրումներում: Պլանը մարզում կատարված է 105.2 տոկոսով՝ հավաքագրվել է 460 մլն դրամ եկամուտ:

Հողի հարկի գծով վիճակը մարզում այդքան էլ լավ չէ: «Տարեկան արդյունքում մենք ունեցանք ոչ լավագույն ցուցանիշներ. Հողի հավաքագրման պլանը կատարվել է 81.2 տոկոսով, այստեղ զգալի են համայնքները, որոնք հողի հարկի գծով աճ չեն ապահովել՝67 համայնք նախորդ տարվա նկատմամբ հողի հարկի գծով աճ չի ապահովել»,-նշեց վարչության պետը:

Ըստ Սեւակ Հովհաննիսյանի` համայնքի բնակիչները պատրաստակամ են վճարել հարկերը, եթե տեսնում են, որ իրենց տված գումարներով իրենց համայնքներում որեւէ լուրջ աշխատանք է իրականացվում: Վատ հավաքագրումների մեջ ուրույն դեր ունեն նաեւ համայնքապետերը, որոնք պարզապես չեն ուզում կամ չեն աշխատում: