2012 թ. ֆինանսական շուկայում զարգացումները, ընդհանուր առմամբ, նպաստավոր են տնտեսության իրական հատվածի համար: Բանկերի միջեւ ուժեղացող մրցակցությունը հանգեցրել է վարկերի տոկոսադրույքների նվազման, իսկ ավանդների տոկոսադրույքներըն, ընդհակառակը, աճի միտում ունեն:
Այսպես, ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագրի՝ 2012 թ. նոյեմբերի դրությամբ՝ մինչեւ 1 տարի ժամկետով դրամային վարկերը իրավաբանական անձանց տրամադրվել են միջինը 12,4%-ով, իսկ 2011 թ. նոյեմբերին դրանք արժեին 12,7%: Մեկ տարուց ավելի ժամկետով դրամային վարկերը (իրավաբանական անձնաց) 2012 թ. նոյեմբերին արժեցել են միջինը 14,1%, իսկ 2011 թ. նոյեմբերին՝ 14,3%:
Նշենք, որ տոկոսադրույքները նվազել են վարկային շուկայի համարյա բոլոր սեգմենտներում: Նշենք նաեւ, որ ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերը մի քանի տոկոսով թանկ են, քան իրավաբանական անձանձ տրամադրվողները (բացառությամբ հիփոթեքային վարկերից), սակայն նույնպես մոտ 0,1-0,3 տոկոսային կետով նվազման միտում ունեն: Օրինակ՝ սպառողական վարկերը գերազանցում են 20%-ը, ավտովարկերը մոտ 17-18%-ի շրջանակներում են, իսկ հիփոթեքային վարկերը՝ միջինը 12,7% են (դոլարով՝12,3%):
Ֆիզիկական անձանցից ներգրավվող (1 տարուց ավելի ժամկետով) դրամային ավանդների տոկոսադրույքը 2012 թ. նոյեմբերին հասել մինեւ 13,3%, այնինչ 1 տարի առաջ 11,5% էր: Բարձրացել են անգամ դոլարային ավանդների տոկոսադրույքները՝ 8,2%, նախորդ տարվա 7,8%-ի համեմատ: Տոկոսադրույքների աճ կա նաեւ կարճաժամկետ ավանդների մասով:
Ավանդների թանկացումը եւ վարկերի էժանացումը, բնականաբար, բացասաբար է անդրադառնում բանկերի շահութաբերության մակարդակի վրա, սակայն դա լիովին փոխհատուցվում է վարկերի նկատմամբ պահանջարկի աճով: Համենայնդեպս՝ պաշտոնական վիճակագրությունը բանկերի շահույթների նվազում ցույց չի տալիս, ընդհակառակը՝ առկա է շահույթների մոտ 20% աճ; Սակայն ավելացել է վնասով աշխատող բանկերի թիվը: Եթե 2011 թ. վնաս են ցույց տվել 2 բանկ, ապա 2012 թ.՝ երեքը:




























