Յուրաքանչյուր քաղաքական ուժի պարագայում որոշոոմները կայացվել են՝ ելնելով իրենց ներքին խնդիրներից: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելուն եւ որեւէ մեկին չսատարելուն:
Նա նշեց, որ նրանց մասնակցության դեպքում հնարավոր է մրցակցություն լիներ: «Իրենց իրական մասնակցության մասին առաջիկայում կիմանանք»,- ասաց նա՝ չցանկանալով մեկնաբանել նրանց չմասնակցության պատճառները:
Խաչիկ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել նաեւ Հայաստանի երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրերս տված հարցազրույցը, նշելով, որ դրանց գնահատական կտա ժամանակը եւ պատմությունը:
ՕԵԿ-ական պատգամավորը կարեւորեց նաեւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլիի այսօրվա այցը Հայաստան, Վրաստանի հետ հարաբերությունները: «Վրաստանը կարեւոր քաղաքական գործընկեր է՝ ելնելով մի շարք հանգամանքներից: Վրաստանի նոր իշխանությունները փորձում են վարել բազմավեկտոր քաղաքականություն, վերակառուցել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որից մենք կարող ենք միայն շահած դուրս գալ: Օրինակ՝ եթե հանկարծ բացվի Աբխազիայի երկաթուղին, ինչքան կշահի մեր տնտեսությունը դրանից»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























