Առաջիկա օրերին պարզ կլինի` Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Հայաստանի կանաչների կուսակցությունը սատարում է «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությանը, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Արմենակ Դովլաթյանը:
Նա նշեց, որ որեւէ թեկնածուի սատարելու որոշում առայժմ չունեն: Հարցին, թե ինչու Հրանտ Բագրատյանին չեք սատարում եւ հավանական է, որ սատարեք, Արմենակ Դովլաթյանը պատասխանեց, որ նման հարց կա, առաջիկա օրերին վերջնական որոշում կընդունվի` Բագրատյանին սատարում են, թե ոչ:
Անդրադառնալով Պետրոս Մակեյանի գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության` ՀԱԿ-ի քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքին, մասնավորապես` լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` Լեւոն Զուրաբյանից ազատվելուն, Արմենակ Դովլաթյանը նշեց, որ չէր ասի, թե ՀԱԿ-ում առանձնապես ինչ-որ ճգնաժամ կա, խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, նաեւ իրենք են մտահոգ: «Լրջագույն ճգնաժամ չէի ասի, որ կա, կա կոնկրետ քայլերի հերթականություն, ուղղությունների որոշում Մենք մտածում ենք, խոսում ենք, նման քննարկումներ լինում են: Երբ Պետրոս Մակեյանը ծրագիրը ներկայացնի, կխոսենք եւ կքննարկենք»,- ասաց նա: «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանի` ՀԱԿ համակարգողի ինստիտուտից հրաժարվելու առաջարկը նա հնարավոր համարեց` ասելով, որ այդ հարցերը պետք է քննարկվեն քաղխորհրդում եւ որոշում կայացվի:



























