Ռուսաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում եղած ժամանակ Անատոլի Սերդյուկովի գործունեության նախաքննական ստուգման ընթացքում ՌԴ ՔՕ  285-րդ հոդվածով հարուցվել է  քրեական գործ (պաշտոնեական լիազորությունների գերազանցում): «Կոմերսանտի» վկայությամբ` այդ գործում մեղադրյալ կլինի հենց Սերդյուկովը:

Նախաքննության տվյալներով` պաշտպանության նախարարության ղեկավարները, որոնց ինքնությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել, մի խումբ ժամկետային զինծառայողների ուղարկել են կանաչապատելու Սերդյուկովի քրոջ ամուսնուն պատկանող էլիտար հանգստավայրը:

Խոսքը Վոլգայի դելտայում տեղակայված «Ժիտնոե» հանգստավայրի մասին է, որը նախատեսված է VIP-անձանց համար: Այնտեղ մասնավորապես 2011 թվականի օգոստոսին ձկնորսությամբ էին զբաղվել Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդեւը:  

Քննիչները հավաստիացրել են, որ 2011 թվականի ամռանը «Ժիտնոե» հանգստավայրի տարածքում գտնվող խոտերի եւ հանդերի քաղն իրականացրել են ռազմաօդային ուժերի զորամասի զինծառայողները, ովքեր հատուկ դրա համար այդտեղ են բերվել ուղղաթիռով:

Ավելի վաղ քննիչները հայտնաբերել են, որ ՊՆ բյուջեի հաշվին հանգստավայրում ճանապարհ է կառուցվել:

ՊՆ նախկին ղեկավարի փաստաբան Հենրիխ Պադվան պնդել է, որ ճանապարհաշինությունը ՊՆ-ին վնաս չի տվել, քանի որ այն մնացել է որպես գերատեսչության սեփականություն: Իսկ հանգստավայրի կանաչապատումն, ըստ փաստաբանի, կարելի է համարել «բարեգործություն կամ հովանավորչական օգնություն»: