Սիրիայի հարցում Թուրքիան փորձում է բոլորին ցույց տալ, որ անաչառ եւ մարդասեր է, որը պաշտպանում է սիրիացի ժողովրդի շահերը, որով էլ հենց պայմանավորված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Անկարան անում է հնարավոր ամեն բան՝ սիրիահայերին ուղղված բեռների տեղափոխումը հեշտացնելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թուրքագետ, Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը քարոզչություն է, որով Անկարան թաքցնում է իր իրական գործողությունները Սիրիայում:

«Թուրքիան կոպտորեն խառնվում է ինքնիշխան երկրի ներքին գործերին, այնտեղ ուղարկելով վարձկաններ եւ բարձրացնելով խռովություն: Ինչ վերաբերում է մարդասիրական օգնությանը, ապա Անկարան փորձում է միայն մարդասիրական երկրի ճանաչում ձեռք բերի»,-ասաց թուրքագետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Սելջուք Ունալը հայտարարել էր, որ Անկարան անում է ամեն հնարավորը, որպեսզի հեշտացնի Սիրիայի հայերի համար նախատեսված բեռների փոխանցումը: Նրա խոսքով՝ ավանդաբար Թուրքիան «օգնության ձեռք է մեկնում մարդկանց, որոնք գտնվում են դժբախտության մեջ, առանց կրոնական, լեզվական, ռասայական, էթնիկ խտրականության»: