Ով ուզում է փոփոխություն, պիտի մասնակցի ընտրություններին: Այս մասին այսօր՝  հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կոչ անելով ակտիվ մասնակցել ընտրություններին:

Նա նշեց, որ  ինքը շնորհակալ է ՀՀ ցանկացած քաղաքացու, ուժի, կուսակցության, կազմակերպության՝ իրեն սատարելու  համար: Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանը եւս իր կողքին է: «Սերժը ինձ զորակցեց, նաեւ բնապահպանական եւ քաղաքացիական իմ դիրքորոշումների համար:  Անպայման չէ դա դիտարկել քաղաքական զորակցություն: Ես չեմ ակնկալում, որ Սերժ Թանկյանը ունենա անմիջական մասնակցություն: Ես երախատապարտ եմ այդ մի քանի տողերի համար,  որ ինքը որոշեց տեսակետ հայտնել»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով իր հայտարարագրին, որտեզ նշված է, որ այս տարի եկամուտ չի ունեցել, Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ինքը եւ իր  ընտանիքը 23 տարի առաջ վերադառնալով Հայաստան, փոխեցին իրենց կյանքի ձեւը եւ բովանդակությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ներկա դրությամբ բազմաթիվ տարիներ կամավոր է ապրում եւ աշխատում, իսկ ընտանեկան ծախսերը հոգում է ընտանիքը: Նա տեղեկացրեց, որ  բիզնես չունի եւ չի ունեցել, միգուցե դա շնորհքի պակաս է, բայց այս համատեքստում դա առավելություն է: Նա նշեց, որ պետական ծառայողը պետք է իր գործառույթը իրականացնի, շռայլությունից հրաժարվի եւ  աշխատի կամավոր: Այդ առումով ինքը իրեն համարեց օրինակ եւ նշեց, որ պատրաստ է շաունակել իր կամավոր աշխատանքը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am