Չնայած ֆիզիկական կուլտուրայի նոր ռեկտորի հարցը որոշվելու է մարտի 1-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այցելելով ֆիզկուլտինստիտուտ, իր համար լուծելէ ռեկտորի խնդիրը՝ ինստիտուտի խորհրդի նիստում հավանություն տալով գործող ռեկտոր Վահրամ Առաքելյանի թեկնածությանը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Վերջինս պատրաստվում է կրկին առաջադրել իր թեկնածությունը ռեկտորի պաշտոնում։ Խորհրդի նիստում, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ դեմ արտահայտվողներ չեն եղել։ Ռեկտորն էլ, շոյված Ծառուկյանի աջակցությունից ու ուշադրությունից, ինստիտուտը «փռել է» նրա ոտքերի տակ։
«Հարգելի պարոն Ծառուկյան, Դուք վստահ եղեք, որ ինստիտուտը գտնվում է Ձեր հսկողության տակ, Ձեր հուսալի ձեռքերում։ Մենք ամեն ինչ կանենք ուսումնական պրոցեսը բարձր մակարդակի հասցնելու համար»,- Ծառուկյանին խոստացել է Առաքելյանը։ Գ. Ծառուկյանը նաեւ գումար է նվիրել ինստիտուտին լավագույն դասախոս անվանակարգում հաղթած 2 դասախոսներին տալով 500 հազարական, իսկ լավագույն ֆակուլտետ անվանակարգում հաղթած ամբիոններին՝ 1 միլիոն դրամ»,- գրում է «Ժամանակը»։




























