Մանրածախ առեւտրի ոլորտում գերակայում են խանութները ինչպես օբյեկտների կառուցվածքում, այնպես էլ ընդհանուր շրաջանառության ծավալում: Այսպես, անցած տարվա տվյալներով մանրածախ առեւտրի օբյեկտների  ընդհանուր թվում խանութների տեսակարար կշիռը կազմում է  74,5%:  Ընդ որում`  մանրածախ  առեւտրաշրջանառության ծավալում  խանութների մասնաբաժինը կազմում է 65,1%:

Հետաքրքիր է խանութների եւ կրպակների թվի դինամիկան: Վերջինները բուռն զարգանում էին լիբերալիզացիայի առաջին տարիներին:  Սակայն  հետագայում խանութները նկատելի առավելություն ունեցան, ինչն էլ հանգեցրեց նշված օբյեկտների թվի հարաբերակցության արմատական փոփոխությանը:

 

Անցած տարվա տվյալներով` երկրում  խանութների թիվը 14 163 է,  որի մեծ մասը` 9 781 խանութ, բաժին է ընկնում մայրաքաղաքին: Նկատենք, որ խանութների թվի առումով մայրաքաղաքի մասնաբաժինն ակնհայտ հակասություն մեջ է երկրում բնակչության  ընդհանուր թվում նրա տեսակարար կշռի հետ (մոտ մեկ երրորդը):

Այսպես, անցած տարվա տվյալներով,  Երեւանում մեկ խանութի հաշվով միջին ապրանքաշրջանառությունը կազմել է 82,9 մլն դրամ,  մարզերից այդ ցուցանիշին առավել մոտ է Արմավիրի մարզը`  40,9  մլն դրամ: Ամենցածր ցուցանիշն արձանագրվել է  Վայոց ձորի մարզում`  8,7 մլն դրամ: Պատճառը, բացի մայրաքաղաքի բնակչության բարձր գնողունակությունից, նաեւ խոշոր առեւտրային օբյեկտների` մայրաքաղաքում կենտրոնացված լինելու հետ է կապված:

Ելնելով վերոնշյալից` կարելի է եզրակացնել, որ խանութների վերաբերյալ ընդհանուր տվյալները հիմնականում բնութագրում են մայրաքաղաքի մանրածախ առեւտրային  ցանցի իրավիճակը, ըստ որի խոշոր օբյետների (31 եւ ավելի աշխատակազմ ունեցող) դերն անշեղորեն աճում է: Այդ միտումներին հնարավոր է ծանոթանալ ստորեւ ներկայացված գծապատկերից`2002-2012թթ. համար:

 

Պատկերից երեւում է, որ մինչեւ 2006թ-ը խոշոր խանութների չափաբաժինը փոքր է եղել, սակայն հետո կտրուկ ավելացել է` 2012թ.  մինչեւ 64,5%: Այդ ձեռքբերումը հիմնականում պայմանավորված է սուպերմարկետների ցանցի կտրուկ զարգացմամբ:

Այդ փաստին քննադատաբար են վերաբերվում նաեւ անկախ փորձագետները, որոնք վերոնշյալ միտումները դիտարկում են որպես մանրածախ առեւտրում փոքր եւ  միջին բիզնեսի դերի նվազում: Սակայն մանրածախ ոլորտում էվոլյուցիան պետք է ընկալել որպես օրինաչափ, որը նպաստում է նաեւ աշխատանքի արտադրողականության բարձրացմանը:

Ալբերտ Խաչատրյան