Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 11-ին ժամանել է Դեյր Զոր:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությանն ընդունել են Դեյր Զորի նահանգապետ Հուսեյն Առնուսը եւ Բաաս կուսակցության Դեյր Զորի նահանգային կառույցի ղեկավար Տահա Խալիֆան: Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք կարեւորել են Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը: Նշենք, որ նորանշանակ պատվավոր հյուպատոս է նշանակվել դեյրզորաբնակ Սուրեն Վարդանյանը:

Նույն օրը Դեյր Զորի հայկական եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ պետական դրոշի օծման արարողությունը, որին ներկա են եղել հայ համայնքի կրոնական երեք առաջնորդները, ինչպես նաեւ` նահանգային իշխանությունների ղեկավարները եւ Սիրիայի տարբեր շրջաններից ժամանած հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Օծման արարողության ընթացքում ընթերցվեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը: Արարողությունից հետո թափորը ուղղվեց դեպի ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը եւ Դեյր Զորի նահանգապետ Հուսեյն Առնուսը: