Երեւանում տրանսպորտային բարեփոխումները, որ առաջին ամիսը չէ, որ ընթանում են, մայրաքաղաքի բնակիչներին տարատեսակ անակնկալներ են մատոցում: Ոչ, խոսքը ժամանակային անհարմարությունների մասին չէ, քանդված խառնարանների մասին չէ, որ առաջիկայում մայրուղիների են վերածվելու, ոչ էլ խցանումների ու տրանսպորտային խափանումների:

Խոսքը գովելի, բայց վատ իրացված նախաձեռնության մասին է: Ինչպես եւ քաղաքապետարանը խոստացել էր, քաղաքային տրանսպորտի կանգառները սարքավորվել են ցուցանակներով` երթուղայինների, ավտոբուսների ու տրոլեյբուսների երթուղիների նշագրումներով: Նման մի ցուցանակի հետ ծանոթությունը տարակուսանքի մատնեց մեզ: Ուղերթների թվում նշվում է երթուղային տաքսին, որն այդ փողոցով չի անցնում, փոխարենը չկա այդ փողոցով անցնող երթուղայինի մասին նշումը: Նման իրավիճակ է նաեւ ավտոբուսների հետ` մեկի փոխարեն մյուսը: Եւ այդ ցուցանակի վերին հատվածում հպարտ բազմել է «Երեւանտրանս» ՓԲԸ գրառումը:

Շատ շնորհակալություն «Երեւանտրանսին» հոգատարության համար, բայց այլ կերպ, քան ապատեղեկատվություն այդ ցուցանակն անվանել չի կարելի: Իրավիճակը բարդանում է ուղերթների համարների վերջին փոփոխությունների ֆոնին: Ըստ մտահղացման, դրանց թիվը պետք է նվազի, եւ ահա, մայրաքաղաքով երթեւեկում են 33-33ա, 44-44ա, 75-75ա եւ այլ համարների երթուղայինները, իսկ քաղաքացին, որ դեռ չի մարսել բուռն բարեփոխումների ողջ ազդեցությունը, կարող է չկողմնորոշվել եւ տեւական ժամանակ մնալ կանգառում, միայն այն պատճառով, որ նման համարի ավտոբուս չկա: Բարեբախտաբար, նույն այդ ցուցանակի վրա կա թե գծի համարը, կարելի է զանգել եւ բողոքել քաղաքային պաշտոնյաների արհամարհական վերաբերմունքից:

Նշենք, որ «Երեւանտրանս» ՓԲԸ-ն գործում է Երեւանի քաղաքապետարանի իրավասության տակ, իսկ նրա աշխատանքը համակարգում է տրանսպորտի վարչությունը: