Ոստիկանապետ Վովա Գասպարյանը Գյումրիում փակ խորհրդակցություն է անցկացրել հայտնի իրադարձությունների կապակցությամբ, իսկ հետո մի քանի հայտարարություններ արել լրագրողների հետ հանդիպմանը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Մասնավորաբար, Վովա Գասպարյանը հայտարարել է, թե չգիտես ինչու Գյումրին երկար ժամանակ բաժանված է եղել երկու կլանների միջեւ, որոնք արյունահեղությամբ հարցեր են լուծել միմյանց հետ: Ոստիկանապետը հայտարարել է, որ այդ դարաշրջանն ավարտվել է, եւ այլեւս որեւէ մեկին չի ներվելու արյունով հարցեր լուծելը:
Ավարտվել է Գյումրիի համար քրեական դարաշրջանը, թե ոչ` ժամանակը ցույց կտա, բայց որ այն ավարտելու ժամանակը վաղուց էր անցել` սրանում երեւի որեւէ մեկը կասկած չի կարող ունենալ: Միեւնույն ժամանակ, իհարկե հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ եւ ինչպե՞ս էին Գյումրիում, այսպես ասած, «մեծանում» այդ կլանները, «գիրանում», դառնում դրության տերը քաղաքում, իսկ հետո արդեն վերածվում նաեւ ոչ միայն քրեական, այլ նաեւ քրեակուսակցական ստորաբաժանումների: Եվ այս ամենի հանդեպ աչք փակող պետական համապատասխան կառույցները պետք է պատասխան տա՞ն սրա համար, թե՞ ոչ:
Հայաստանում ընդունված չէ անցյալի մեղքերի համար պատասխան տալը, անցյալի սխալների համար պատասխան տալը: Ավելին` Հայաստանում կարծեք թե ներդրվում է մի մտայնություն, որ անցյալն անցած է, եւ ով որ խոսում է անցյալի մասին եւ փորձում քննարկել, իրականում ջուր է լցնում ներկայի ջրաղացին: Այս մանիպուլյացիան, ընդ որում` բավականին բարեհաջող, աշխատում է, ինչի շնորհիվ Հայաստանում ձեւավորվել է, այսպես ասած, «համաներման» մի մեծ մթնոլորտ, ինքնըստինքյան «համաներման», որում իրենց ազատ են զգում բոլոր նրանք, ում ցինիկ անպատասխանատվության եւ միտումնավոր բացթողումների եւ հանցագործությունների հետեւանքով պետությունը հասել է այս օրվան:
Մինչդեռ այսօրը արդեն դարձել է այդ անձանց պատասխանատվությունից ազատման միջոց: Իսկ սա նշանակում է, որ վաղն էլ պատասխանատվությունից ազատման միջոց է դառնալու այսօրվա հանցագործների համար, այսօր թերացողների համար:
Գյումրիում պետք է վերջ տալ, իհարկե, քրեական դարաշրջանին, եւ Գյումրիից պետք է սկսել, սակայն ոչ միայն տարածության, այլ նաեւ ժամանակի առումով: Այսինքն` պետք է սկսել ու գնալ հետ, վեր հանել յուրաքանչյուրի պատասխանատվությունը՝ այսօրից մինչեւ երեկ, երեկ չէ առաջին օրը: Սա անխուսափելի է, առավել եւս, որ այս ամբողջ ընթացքում տեղի է ունեցել տեղերի, սակայն ոչ կազմի փոփոխություն: Այսինքն` Հայաստանում ընդամենը յուրօրինակ տեղապտույտ է լինում, ինչի պատճառներից մեկը հենց պատասխանատվության լիարժեք մեխանիզմի եւ լիարժեք միջավայրի բացակայությունն է:
Ապագայում անպատասխանատվությունից խուսափելու գլխավոր գրավականը այս գործընթացի մեջ է, եւ եթե այն լիարժեքորեն տեղի չունեցավ, ապագան չի լինելու ավելի լուսավոր եւ թափանցիկ, քան անցյալն էր ու ներկան: Ավելին` ապագան անցյալ ու ներկա է լինելու, որովհետեւ տեղապտույտը այլ բանի չի բերում»,- գրում է «Ժամանակը»։



























