Երեւան քաղաքի կառավարումը կարճ կարելի է գնահատել որպես կազմակերպված քաոս: Այս մասին ասված է «Մենք ենք այս քաղաքի տերը» եւ «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունների տարածած հայտարարության մեջ:

Նրանց հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ներքոստորագրյալ անհատ քաղաքացիների եւ քաղաքացիական նախաձեռնությունների այս գնահատականը հենվում է հետեւյալ փաստերի եւ լուսանկարների վրա.

- Երեւանի Փակ շուկայում շինարարությունը այն վառ օրինակն է, թե ինչ մակարդակի վրա է գտնվում Երեւանի քաղաքապետարանի վերահսկողությունը շինհրապարակների եւ պատմական հուշարձանների նկատմամբ,

- վեց ամիս շարունակ Երեւանի քաղաքապետարանը չի կարողացել իրավական հիմնավորմամբ պատասխան տալ 40 ապօրինի կառուցապատումների ցուցակին (տասնյակ զբոսայգիներ, Նորքի անտառ, Մոնումենտ, Դալմա եւ այլն), որը դեռեւս հոկտեմբերին ներկայացվել է Երեւանի քաղաքապետին եւ էկոլոգիական հանձնաժողովին (այդ թվում նաեւ ի վիճակի չի պատասխանել, թե ինչ է տեղի ունենում Օղակաձեւ այգում փլուզված Խանջյան 28 ապօրինի կիսակառույցի հետ),

- Երեւանի քաղաքապետարանը կոպտորեն արհամարհում է Երեւանի գլխավոր հատակագիծ-օրենքը եւ շինթույլտվություններ բաժանում օրենքի դաշտից դուրս եւ ըստ ազդեցիկ մարդկանց շահերի ու նպատակահարմարության (Լոկալ Դիվելոփերս-Պուշկին փ., ԱՕԿՍ-ի շենք, Նալբանդյան 106 եւ հարյուրավոր այլ օրինակներ), այժմ էլ Օպերային թատրոնին կից կանաչ գոտու սրճարաններում վերակառուցում եւ կապիտալ շինարարություն է կատարվում առանց օրինական հիմքի եւ նախագծի,

- Երեւանի տրանսպորտն ու հատկապես երթուղայինների ցանցը գտնվում է կաթվածահար վիճակում` նվաստացնելով երեւանցիների արժանապատվությունն ու ծառայելով անհատ գծատերերի շահերին, քաղաքապետարանն այստեղ նույնպես ի վիճակի չէ դեմ գնալ մասնավոր շահերին եւ կարգավորել ոլորտը,

- ամբողջ գարուն-աշուն ժամանակահատվածում Երեւանի փողոցները փակ եւ անանցանելի են դառնում անորակ ասֆալտապատման աշխատանքների պատճառով, որոնք կատարվում են ամեն տարի` հսկայական միջոցների վատնում եւ անհարմարություններ բերելով երեւանցիներին եւ Երեւանի համայնքին,

- կենտրոնի եւ ծայրամասերի այգիների բետոնապատումների եւ ավտոմեքենաների կայանումների պատճառով մշտական խցանումներ են առաջանում,

- երեւանցիներին ամեն օր դառը անակնկալներ են մատուցվում` իրենց կամքին եւ օրենքի պահանջին հակառակ բետոնե կառույցների շինարարությամբ, ինչը հարուցում է մարդկանց զայրույթն ու բողոքը,

- Մաշտոցի պուրակի հարցում քաղաքապետի արհամարհական վերաբերմունքը («Ինձ հետ օրենքով մի խոսեք») դարձավ գագաթնակետը այն իրողության, որ Երեւանի հանրային կանաչ տարածքները սրընթաց կերպով կրճատվում են, չեն խնամվում եւ կոռուպցիոն գործարքների զոհ են դառնում, այդ գործընթացը շարունակվում է մինչեւ օրս (վերջին օրինակներ` Դավիթաշենի այգիներ, Արզումանյան փ. եւ այլն),

- Երեւանի բյուջեի վերլուծությունը վկայում է այն մասին, որ տասյակ միլիոնավոր գումարներ ծախսվում կամ վատնվում են նեղ անձնական կապեր եւ բիզնես սպասարկելու, ոչ նպատակային եւ անիմաստ ծախսերի համար (օրինակ` հանցավոր պրակտիկա է այն փաստը, որ «Կանաչապատում ՓԲԸ»-ները շինաշխատանքներ են իրականացնում կանաչ տարածքների հաշվին եւ հսկայական միջոցներ ծախսում` վնասելու կանաչ հատվածը),

- չնայած առկա փաստերին (այդ թվում նաեւ կոմունալ տնտեսությունների անմխիթար վիճակ, մարդկանց նյութական եւ սոցիալական պայմանների վատթարացում)` Երեւանի քաղաքապետարանը մի քանի բակեր վերանորոգելով կամ շաբաթօրյակներ կազմակերպելով, ցածրաճաշակ ձեւավորմամբ ամանորյա լուսավորությամբ եւ այլ ՊՌ-ակցիաներով սոցիալական ցանցերով լայնածավալ ինքնագովերգման եւ մեծարման քարոզարշավ է իրականացնում (քաղաքապետին կից ստեղծված էկոլոգիական եւ մյուս հանձնաժողովները ձեւական բնույթ են կրում եւ ոչ մի ազդեցություն չունեն որոշումների վրա, քաղաքապետարանի բաժինները իրավական տեսանկյունից անգրագետ եւ կամայական պատասխաններ են հղում քաղաքացիների հարցումներին),

- քաղաքապետարանը անցած բոլոր տարիներին ընդգծված դժկամությամբ է վերաբերվել քաղաքացիական նախաձեռնությունների եւ քաղաքացիների բարձրացրած հարցերին, բողոքներին` դրանք դիտելով որպես վտանգ սեփական իշխանության հանդեպ,

- Երեւանի քաղաքապետարանն ու վարչական շրջանները, համատիրությունները, դպրոցներն ու մանկապարտեզները գրեթե ամբողջությամբ կուսակցականացված են ՀՀԿ-ական քարոզչությամբ եւ աշխատակազմով, ինչը կոպտորեն խախտում է պետության եւ կուսակցությունների սահմանազատման կարեւորագույն սկզբունքը, շահերի բախում է ստեղծում եւ կոռուպցիոն գործարքների համար պարարտ հող ապահովում,

- Երեւանի ավագանու անդամները անցած տարիների ընթացքում չեն կարողացել երբեւէ բարձրացնել հանրությանը հուզող հարցերից որեւէ մեկը, այլեւ գործել են որպես քաղաքապետի որոշումները դակողներ, ավագանու անդամներից շատերը սեփական շահերի համար են օգտագործել ավագանին եւ չեն օգտագործել Երեւանի մասին օրենքով իրենց տրված վերահսկողական գործառույթները:

Տեսնելով կանաչ տարածքների ոչնչացման մասին, հանրային ոլորտի կառավարման մասին, պատմական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի մասին եւ քաղաքային տնտեսության մասին մինչ օրս երեւանցիների բարձրացրած հարցերին Երեւանի քաղաքապետարանի արձագանքն ու քայլերը` կարելի է եզրակացնել, որ.

- քաղաքում համակարգված կառավարում տեղի չի ունենում, մի ձեռքը չգիտի, թե մյուսն ինչ է անում,

- քաղաքապետարանը չի կարողանում դեմ գնալ գործարարների շահերին եւ հենվել օրենքի ու հանրային կարծիքի վրա, որոշումները հիմնականում ծառայում են մասնավոր անձանց ու բիզնեսի շահերին` շարունակաբար կրճատելով հանրային տարածքներն ու դրանց խնամքը,

- քաղաքապետարանը արհամարհում է ՀՀ օրենքները, Երեւանի գլխավոր հատակագիծ-օրենքը, տարրական շինարարական ու քաղաքաշինական նորմերը:

Արդյունքում Երեւանը ենթարկվում է այնպիսի փոփոխությունների, որոնք էկոլոգիապես, մշակութային եւ տնտեսական առումով աղետալի են Երեւան համայնքի բնակչության համար: Երեւանը կորցնում է իր ինքնությունը եւ հարմարեցվում օլիգարխիկ-գավառական ճարտարապետության քաղաքային ենթամշակույթին:

Համայնքային բյուջեն եւ համայնքի սեփականությունը օգտագործվում են մի քանի անձանց շահերին եւ ոչ սոցիալական արդարությանն ու համերաշխությանը ծառայեցնելու համար: Երեւանում իրավական եւ քաղաքական տեսակետից կառավարում չի իրականացվում, այլեւ գործում է միայն կազմակերպված քաոս:

Մենք` ներքոստորագրյալներս, որպես Երեւանի իրավագիտակից բնակիչներ, մինչ օրս մեր ջանքերով եւ սեփական նախաձեռնությամբ ստիպված ենք եղել հիշեցնել Երեւանի քաղաքապետարանի կողմից օրենքով սահմանված պարտականությունների մասին: Թվարկված բոլոր օրինախախտումները ենթադրում են պատասխանատվություն ընդունված որոշումների եւ կատարված գործողությունների համար:

Հ.Գ. Կից ներկայացնում ենք նաեւ երկու տեսանյութ, որոնք առավել ակներեւ են ներկայացնում Երեւանում հանրային շահի ստորադասումը մասնավորին.

Մաշտոցի պուրակ եւ «Անվտանգ» երթեւեկություն»: